Հայաստանի Քրեական օրենսգրքում կամրագրվեն թմրանյութերի խոշոր եւ առանձնապես խոշոր ծավալները: Հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում այս մասին ասաց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ ելույթ ունենալով երկու օրենսգրքերում՝ Քրեական եւ Վարչական իրավախախտումների մասին, կատարվող փոփոխությունների օրինագծի քննարկմանը:

Նրա խոսքով՝ զգալի կհամարվեն մանր ծավալից 5-25 անգամ մեծ ծավալները: Դրա տակ նկատի է առնվում չափաքանակը, որը 18 տարեկան առողջ մարդու վրա ազդեցություն չի ունենում, որը  թմրանյութերի հանդեպ հակում չունի: Խոշոր ծավալներ կհամարվեն 25-125 անգամ գերազանցող ծավալները, առանձնապես խոշոր՝ 125 անգամից ավելի: «Սա կօգնի պատիժն ավելի ճիշտ սահմանել»,- պարզաբանեց Եղիազարյանը:

Նշենք, որ ըստ Քրեական օրենսգրքի՝ թմրանյութեր պատրաստելը, պահելը, տեղափոխելը եւ իրացնելը պատժվում է մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկմամբ (առանձնապես խոշոր ծավալների դեպքում):