Լոսանջելեսաբնակ հայ երիտասարդները կոչ են անում Los Angeles Lakers բասկետբոլային թիմի առաջատար խաղացողներից մեկին` Կոբի Բրայանթին հրաժարվել առաջիկա 2 տարիներին գովազդել «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը: Հայ երիտասարդները կոչ են անում նրան հրաժարվել «Թուրքական ավիաուղիներ»-ի հետ կնքած պայմանագրից, որով Բրայանթը պարտավորվել է գովազդել ավիաուղիների նոր առաջարկը՝ Ստամբուլ-Լոս Անջելես ուղիղ չվերթները:
Բասկետբոլիստը ավիաուղիների գովազդներում կհայտնվի հաջորդ տարվա սկզբից: Գովազդային հոլովակը նախատեսված է ցուցադրել ԱՄՆ-ում, Միջին Արեւելքում, Եվրոպայում՝ ամերիկյան CNBC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ աշխարհի գրեթե 80 երկրներում:
Թե ընկերությունը որքան գումար է վճարել Բրայանթին այս գովազդի համար, հայտնի չէ, քանի որ պայմանագրի կետերը Բրայանթը չի մանրամասնում:
Հայ երիտասարդական միության նախկին անդամ, այժմ ՀՅԴ ուսանողական միության Արեւմտյան Ամերիկայի ներկայացուցիչ Րաֆֆի Սեմերճյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ իրենց բողոքի ձայնը սիրելի բասկետբոլիստին նախատեսում են հասցնել հիմնականում էլեկտրոնային նամակների միջոցով: «Կոչն այն է, որ Կոբի Բրայանթը որպես մարզիկ, որպես մարդ նախեւառաջ հասկանա, թե Թուրքիայի կառավարությունը ինչ տեսակ ոճիրներ է գործել», - ասաց Սեմերճյանը:
Նշենք, որ «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը այժմ համարվում է եվրոպական ամենաեկամտաբեր ընկերություններից մեկը: Այն հովանավորում է նաեւ եվրոպական բասկետբոլային լիգայի խաղերը ու ֆուտբոլային այնպիսի հսկաների, ինչպիսիք են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու իսպանական «Բարսելոնան»: Հաղորդում է «Ազատությունը»:




























