Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում մահացել է ստամբուլահայ հայտնի գրող Երվանդ Կոբելյանը։

Երվանդ Կոբելյանը ծնվել է 1923-ին Ստամբուլի Ռումելիհիսար թաղամասում։ Նախնական կրթությունը ստացել Թադեոսյան դպրոցում։

Կոբելյանի բանաստեղծությունների առաջին գիրքը («Երանի թե») հրատարակվել է 1948-ին։ Այդ ընթացքում աշխատել է մի շարք թերթերում։

1953-ին գնացել է Բեյրութ եւ մեկ տարի անց կրկին եկել Ստամբուլ։ Այնուհետ, 1957-ին կրկին մեկնել է Բեյրութ՝ աշխատելով «Սփյուռք» ամսագրում։  

1965-ին որոշել է մեկնել Եվրոպա եւ եկել Ստամբուլ, որտեղ սակայն սկսել է աշխատել հայկական «Մարմարա» թերթում։ Կոբելյանը աշխատել է նաեւ Ստամբուլի «Ժամանակ» եւ «Ակոս» թերթերում:

Նրա ստեղծագործություններից թուրքերեն է թարգմանվել՝ «Հայրենիքը կարոտող խեցգետինը» գիրքը 1998-ին Արազ հրատարակչության կողմից։