Առաջիկա տարում ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններն ակտիվորեն կշարունակվեն, սակայն էական առաջընթաց դրանցից չարժե ակնկալել։ Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
«2010-ը ԼՂ բանակցությունների առումով բավական դժվար տարի էր։ Շրջանառությունից դուրս եկան Մադրիդյան նորացված սկզբունքները, որոնց, ի տարբերություն Հայաստանի, իր համաձայնությունն էր տվել Ադրբեջանը։ Այդ սկզբունքների հիման վրա միջնորդների առաջարկություններն անընդունելի են նաեւ ՀՅԴ-ի համար»,- ասաց Մանոյանը։
Նա ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթաց չգրանցելը պայմանավորեց ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումներով։ «Գործընթացում էական ձեռքբերումներ չեն լինի հատկապես այն պատճառով, որ Թուրքիան շարունակում է ղարաբաղյան հարցը դիտարկել հայ-թուրքական հարաբերություններ կարգավորման համատեքստում»,- պարզաբանեց ՀՅԴ պատգամավորը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղը բանակցային լիարժեք կողմ դարձնելու հարցին՝ Մանոյանը նկատեց. «Ժամանակն է, որ Ղարաբաղը ուղղակի եւ լիիրավ ձեւով մասնակցի բանակցություններին։ Դա հնարավորություն կտա ներկայացնել հարցի շուրջ ԼՂՀ դիրքորոշումը։ Բացի ընդդիմությունից, այս հարցի շուրջ խոսում են նաեւ իշխանությունները։ Սակայն այս հարցը եւս շուտ չի լուծվի, քանի որ Հայաստանը շարունակում է բանակցել Ղարաբաղի փոխարեն»։



























