Իրանը նոր մարտավարություն է կիրառում Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա հարձակումների համար՝ ձգտելով պահպանել նավթի բարձր գները և ազդել ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների վրա, հայտնել են Reuters-ին իրանցի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։

Թեհրանը փորձում է վերահսկողություն սահմանել Հորմուզի նեղուցի նկատմամբ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների մեկնարկից ի վեր։ Իրանը սահմանափակում է երթևեկությունը ջրային այս ուղիով, որով մինչ պատերազմը տեղափոխվում էր նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային ծավալի մոտ մեկ հինգերորդ մասը՝ ձգտելով Վաշինգտոնի վրա ազդեցության լծակներ ստանալ։

Սպառնալիքներն ու հարձակումները լրջորեն սահմանափակել են նեղուցով նավերի տեղաշարժը, ինչը հանգեցրել է նավթի գների աճին։

Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Իրանը մոտ 10 օր առաջ սկսել է հարձակողական տարբեր մեթոդներ կիրառել այն նավերի դեմ, որոնք, իր գնահատմամբ, խախտում են սահմանված սահմանափակումները՝ հավելելով, որ դա հանգեցրել է նման նավերի վրա հարձակումների թվի ավելացմանը։

Ռազմավարությունը ներառում է ինչպես հարձակումների տեսակի, այնպես էլ դրանց ինտենսիվության փոփոխություն, ընդ որում՝ նպատակներից մեկը ԱՄՆ ընտրությունների ելքի վրա ազդելն է։

«Նպատակն է ձախողել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների փորձերը՝ ուղղված նավթի համաշխարհային գների իջեցմանը»,- հայտարարել է պաշտոնյաներից մեկը։

Իրանցի պաշտոնական անձանց փոխանցմամբ՝ նոր ռազմավարության ընդունման որոշումը կայացվել է ամենաբարձր մակարդակով։

Անանունության պայմանով զրուցած ամերիկացի ռազմական պաշտոնյան հաստատել է, որ Իրանն էապես փոխել է մարտավարությունը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ոչնչացրել է իրանական ռադարային կարողությունների մեծ մասը, ինչից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սկսել է փոքր նավակներով չզինված դիտորդներ օգտագործել պոտենցիալ թիրախները, այդ թվում՝ ամերիկյան ռազմածովային նավերը նույնականացնելու համար: