Ովքեր հայտարարում են, թե մարզերից եկողները պետք է ավտոմեքենաները կանգնեցնեն Երևանի մուտքի մոտ և շարունակեն ավտոբուսներով, հավանաբար, բնիկ երևանցիներ են, ոչ թե մարզերի նախկին բնակիչներ։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

Նա կոչ է անում վերջ տալ հրամայական-կարգադրիչ պրիմիտիվ ու իրավիճակային մեթոդաբանությանը։

«Կատարյալ անմիտ քաղաքաշինությամբ հազարավոր բարձրահարկեր կառուցելու արդյունքում, ուրբանիզացիայի առանց այդ էլ բարձր ցուցանիշ ունեցող երկրում գյուղական բնակչության համար մայրաքաղաքային կյանքը գայթակղիչ դարձնելով և հընթացս նրանց տնտեսական, սոցիալական, կրթական և տարաբնույթ այլ կախվածության հասցնելով, արհեստական ճանապարհով հնարավոր չէ սահմանափակել նրանց ազատ տեղաշարժը։

Վերջ տվեք հրամայական-կարգադրիչ պրիմիտիվ ու իրավիճակային մեթոդաբանությանը, քննարկեք խորքային խնդիրները նեղ մասնագետների հետ, լուծումներ կան, դրանք ուղղակի նկատել ու հասկանալ է պետք։ Գոնե առաջնահերթ ներդրեք էլեկտրոնային կառավարման լիարժեք համակարգ, որպեսզի մարդիկ հարկադրված չլինեն իրենց ժամանակն ու սուղ միջոցները ծախսել անմիտ երթևեկությունների վրա։

Կարմիր գծերի տասնապատիկ թանկացումները ձեզ ոչինչ չհուշեցի՞ն»,- ընդգծել է պրոֆեսոր Դանիելյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին նման հայտարարություն էր արել Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։