Այսօր ժամը 4-ին կառաջադրվեն ՍԴ նախագահի թեկնածուները, մենք էլ արդեն մեր կարծիքները կձևավորենք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14–ին, Սահմանադրական դատարանի շենք մտնելիս լրագրողների հետ զրույցում նշեց Սդ դատավոր Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով այսօր կայանալիք ՍԴ նախագահի ընտրությանը։
Անդրադառնալով նրան, որ ՍԴ նախագահի թեկնածու է առաջադրվելու ՔՊ–ական նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, նա ասաց. «Պաշտոնապես առաջադրում չի եղել, բայց մենք էլ ենք լսել, որ Վլադիմիր Վարդանյանն էլ է առաջադրվելու, մնացածի վերաբերյալ տեղեկություն չունենք։ Գաղտնի քվեարկություն է, գիտեք, որ այն հարցերը, որոնց շրջանակում նաև պիտի որոշումներ կայացնենք, հիմա չեմ կարող ասել, ով ինչ է ներկայացնելու, ով ինչից կխոսի, արդյո՞ք դա Սահմանադրական դատարանին ուժ տալու մասին կլինի։ Հետևապես ոչինչ չենք կարող այս պահի դրությամբ ասել, ավելի լավ է սպասեք, ընտրենք, նոր տեսնենք ինչ է լինում։
Ընտրությունն այսօր է ավարտվելու, եթե վեց ձայն չհավաքի որևէ թեկնածու, օրենքով սահմանված կարգով երկրորդ փուլ կանցնեն, երկրորդ փուլում էլ հինգ ձայնով պիտի անցնի թեկնածուն։ Երկրորդ փուլի համար սահմանված է 5 օր։ Օրվա վերջին կիմանաք ինչպիսին են մեր դիրքորոշումները»,–ասաց նա։
Հարցին՝ չեք կարծո՞ւմ, որ եկեղեցու հետ կապված հրապարակված զեկույցը և ԱԺ–ում ձևավորված հանձնաժողովը, միջամտություն են պետության կողմից Եկեղեցու գործերին, Սեդա Սահարյանը պատասխանեց. «Մենք այդ որոշման կապակցությամբ մեր կարծիքն ասել ենք, ավելորդ է, որ Սահմանադրական դատարանին այդ կարծիքից դուրս, ասենք, ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ հակառակն ասի: Մենք ասել ենք, որ նաև ծրագիրը ինչ է և այդ ծրագիրը արդյոք որոշում է և դա մեր վերանայման առարկան է, թե ոչ: Այդ ծրագիրը հավանական ապագայի մասին է և ես կարծում եմ, որ այն ինչ որ ասել ենք, դրանից դուրս ասելու բան չունեմ»։
Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է և այսօր ՍԴ–ն նոր նախագահ է ընտրելու։ Ինքը՝ Դիլանյանը կմնա որպես Սդ դատավոր։




























