Հայտնի է դարձել, թե ով է եղել դեկտեմբերի 17-ին առավոտյան Արագածոտնի մարզի Օրգով գյուղում «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայում ինքնաշեն պայթուցիկ սարք տեղադրողը:
Ինքնաշեն պայթուցիկ սարք վնասազերծելուց հետո, պարզվել էր, որ այն 30-ամյա Սեւակ Հ.-ն է տեղադրել, մեքենայի տիրոջը սպանելու նպատակով:
Իրավապահ մարմնի հաղորդմամբ, Սեւակ Հ.-ն ձերբակալված է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 17-ին, ժամը 10:50-ին, 59-ամյա Սիրազնիկ Հ.-ից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 08.00-ի սահմաններում Օրգով գյուղի իրենց տան բակում կայանված իր ծառայողական օգտագործման «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի ծածկոցի վրա պայթուցիկ սարք հիշեցնող առարկա է հայտնաբերվել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության, ԱԱԾ եւ ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցները պարզել են, որ հիշյալ առարկան պայթուցիկ սարք է, որը տեղում վնասազերծվել եւ ուղարկվել է պայթունատեխնիկական փորձաքննության:
Ոստիկանության ԿՀԴՊ, քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի մարզային վարչությունների եւ Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 18-ին, ժամը 22:30-ին, բերման է ենթարկվել 30-ամյա Սեւակ Հ.-ն, որը խոստովանել է, որ Սիրազնիկ Հ.-ի ծառայողական ավտոմեքենայի վրա իր կողմից պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարքը տեղադրել է ինքը` Սիրազնիկ Հ.-ի կյանքին վերջ տալու նպատակով:





























