Եթե հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը խախտումներ էր հայտնաբերել կապուղիների թիվ 1-18-րդ մրցույթներին մասնակցելու համար «Մելտեքս» ընկերության («Ա1+») կողմից ներկայացված մրցութային փաթեթում, ապա այդ մասին պետք է նախապես տեղյակ պահեր դիմուատուին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 20-ին հայտնեց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ Տիգրան Տեր-Եսայանը: Նա նշեց, որ «Լիցենզավորման մասին օրենքի» 29-րդ հոդվածի համաձայն, հայտնաբերելով փաթեթում կեղծ փաստաթղթեր` հանձնաժողովը պետք է պարզաբանումներ ստանար դիմումատուից, ապա եւ վերջինիս կողմից հայտնաբերված կեղծիքների չվերացնելու դեպքում նրան դուրս թողեր մրցույթից:
Մինչդեռ ՀՌԱՀ-ը լռել է այդ մասին, եւ միայն մրցույթի օրն է հայտարարել իբր հայտնաբերված կեղծիքների մասին եւ «0» գնահատել: Եթե հեռուստաընկերության ֆինանսական ներդրումների ծրագրին վերաբերող փաստաթղթերը կեղծ են, դրանք, ըստ Տեր-Եսայանի, ընդհանրապես չպետք է գնահատվեին:
Նշենք, որ իր բիզնես ծրագրում ֆինանսական ապահովման համար ներկայացրել էր 852838 հազար դոլար, որից 694216-ը՝ որպես ֆինանսական ներդրում: Փաթեթում ներառված ներդրումները բաշխված են հետեւյալ համամասնությամբ՝ ROGESTON LOGISTICS LTD (65 հազար դոլար) , HOBBINGTON MANEGMENT LIMITED (55 հազար դոլար ), Ռետոր ՍՊԸ (70 հազարդոլար), Պրեստիժ ՍՊԸ (120 հազար դոլար), SOS-CAMPING-SERVICE (220 հազար եվրո), SOS CAMPING LOISIRS (280 հազար եվրո) եւ «Մելտեքս» ՍՊԸ նախագահ Մեսրոպ Մովսեսյան (100 հազար դոլար): Փաթեթում ներկայացված ֆինանսական ներդրումներից չորսի վերաբերյալ (ROGESTON LOGISTICS LTD, HOBBINGTON MANEGMENT LIMITED, SOS-CAMPING-SERVICE , SOS CAMPING LOISIRS) ՀՌԱՀ–ը իր վերապահումներն էր հայտնել, նշելով, թե այդ կազմակերպություննրի փաստաթղթերի հետ կապված կեղծիքներ կան: Մասնավորապես Փարիզում գործող SOS-CAMPING-SERVICE ընկերությանը եւ դրա բաժնետիրոջը՝ Աննա Տանիելյանին, ՀՌԱՀ նախագահը որակել էր «մեռած հոգիներ», իբր՝ նրանք գոյություն չունեցող կազմակերպություններ են:
Այդ ընկերությունները, սակայն, ՀՌԱՀ նախագահի հայտարարությունից հետո այսօր առավոտյան իրենց հավաստագիրն են ուղարկել «Ա1+»-ի ղեկավարությանն առ այն, որ չեն հրաժարվում կատարել իրենց խոստացած ներդրումները, ինչպես նաեւ պատիվ են պահանջել Ամալյանից՝ իրենց գոյությունը կասկածի տակ առնելու եւ «մեռած հոգիներ» անվանելու համար: Դրան գումարած՝ նաեւ ՀՌԱՀ-ից հիմնավոր պատասխան են պահանջել, թե ինչու չեն վստահել իրենց հավաստագրին, որով պատրաստակամություն են հայտնել կատարել նշված ներդրումները: «Իրենց շոու էր պետք, արեցին այդ շուն, որի համար դեռ պատասխան են տալու: Եթե նախկինում մենք պայքարում էինք եթեր ունենալու համար, ապա այսօր Ամալյանը պատասխան է տալու իմ ու իմ բազմամյա գործընկերների բարի համբավն ու պատիվը արատավորելու, վիրավորելու համար»,-ասաց «Ա1+»-ի նախագահը:
Նա նաեւ հիշեցրեց, որ SOS-CAMPING-SERVICE-ի հետ «Ա1+»-ը համագործակցում է 2003-ից, եւ գրեթե բոլոր մրցութային փաթեթներում եղել է դրանց հետ համագործակցության հավաստագիր: Մեսրոպ Մովսեսյանի խոսքով՝առկա ֆինանսական փաստաթղթերով «Մելտեքս» ՍՊԸ-ն ապահովում է մրցութային փաթեթի իրականացումը եւ դրանք կասկածի տակ դնելու որեւէ պատճառ չկա:
Ուշագրավ է, որ «Մելտեքս» ՍՊԸ-ն ՀՌԱՀ-ից պահանջել է «Արմնյուզի» եւ «Արմենիա TV»-ի ներկայացրած մրցութային փաթեթների պատճենները, սակայն հանձնաժողովը հրաժարվել է դրանք ներկայացնել: Գրիգոր Ամալյանը պատճառաբանել է, որ հանձնաժողովն աշխատում է փաստաթղթերի վրա, որոնք կտրամադրվեն միայն 2011 թվականի հունվարի 20-ին: «Մելտեքս» ՍՊԸ-ն դիմել է վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ՀՌԱՀ-ին տրամադրելու հիշյալ փաստաթղթերը: «Մեզ թվում է դեռ առջեւում բավականին հետաքրքրիր զարգացումներ են սպասվում»,-ասաց Մոսեսյան եւ ակնարկելով, որ մրցույթի ժամանակ խարդախություն է տեղի ունեցել: Իսկ Տիգրան Տեր-Եսայանը հավելեց, որ ՀՌԱՀ-ի գործողություններն ուղղված են առաջին հերթին հենց իր՝ ՀՌԱՀ-ի դեմ, որոնք շատ արագ հանգուցալուծում են գտնելու ՄԻԵԴ-ում:
Նշենք, որ հայտարարված մրցույթում «Ա1+»-ի մրցակիցը «Արմնյուզն» էր, որն էլ հաղթող ճանաչվեց:





























