Չեմ կարծում, թե ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն է եղել: Այս մասին, իրանցի օրերս քաղաքական վերլուծաբան, լրագրող Սալար Սեյֆօլդինի հետ հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Հարցին, թե արդյոք ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը փոխե՞ց իր քաղաքականությունը՝ ի շահ Բաքվի, Մայիլյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ Ռուսաստանի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն է եղել: Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են եւ համաձայնեցված մոտեցումներ ունեն այս տարածաշրջանում խաղաղության ապահովման շուրջ:

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմին, հարկ է նշել, որ երկու այլ համանախագահող երկրների համաձայնությամբ է Ռուսաստանն այդ օրերին ավելի ակտիվ դերակատարություն ունեցել ռազմական գործողությունները կանգնեցնելու հարցում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ երեք համանախագահող երկրներից միայն Ռուսաստանն ունի ռազմական գործողությունների ժամանակ կողմերի վրա ազդելու համապատասխան գործիքակազմ:

Հետեւաբար, պատահական չէ, որ ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը եկան բանավոր համաձայնության՝ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերականգնել 1994 թվականի մայիսի 12-ի համաձայնագրով հաստատված հրադադարի ռեժիմը։

Ընդհանրապես, տարբեր ժամանակահատվածներում ականատես ենք լինում, որ համանախագահող երկրներից որեւէ մեկը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը կամ Ֆրանսիան, առավել ակտիվ գործունեություն է ծավալում կարգավորման գործընթացում: Սակայն դա իրականացվում է մնացած միջնորդ երկրների հետ համաձայնեցված»:

Անդրադառնալով Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցություններին, Արցախի ԱԳ նախարարն ասել է. «Հակամարտության երեք կողմերը կարգավորման համար առանցքային են համարում տարածքների, Արցախի կարգավիճակի, փախստականների, անվտանգության եւ Արցախի ու Հայաստանի Հանրապետության ապաշրջափակման հարցերը, որոնք կողմերը ժամանակին առաջ են քաշել որպես բանակցությունների առարկա:

Ընդհանրապես, ինչ վերաբերում է բանակցություններին եւ տեւական կարգավորման հասնելու  հեռանկարներին, կարող եմ նշել, որ բանակցային գործընթացն արդեն իսկ ունի իր պատմությունը։Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի (ԵԱՀԿ ՄԽ) շրջանակներում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները սկիզբ են առել դեռեւս 1992 թ. եւ ունեցել են տարբեր փուլեր։

Անհրաժեշտ է նշել, որ Արցախը ճանաչված է ԵԱՀԿ կողմից որպես հակամարտող կողմ։ Այսինքն, ԵԱՀԿ փաստաթղթերում հստակ նշված է, որ այս հակամարտությունում ներգրավված է երեք կողմ՝ երկու ԵԱՀԿ անդամ պետություն, եւ երրորդ կողմ, որը Լեռնային Ղարաբաղն է: Սա էական նշանակություն ունի:

Մինչեւ 1997 թ. տեղի էին ունենում լիարժեք՝ եռակողմ ձեւաչափով բանակցություններ, որոնք ընթանում էին դասական եղանակով։ Եվ հենց այդ ժամանակահատվածում արձանագրվեցին կարգավորման գործընթացում եզակի շոշափելի արդյունքներ՝ 1994 թ. 1995 թ. կնքվեցին հրադադարի եւ դրա ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերը, որոնց ներքո կա նաեւ արցախյան կողմի ստորագրությունը։ Սակայն, 1997 թվականից ի վեր, կարելի է ասել, խաղաղ գործընթացն ընթանում է խեղված ձեւաչափով՝ առանց Արցախի ուղղակի մասնակցության, ինչը բացասական է ազդում կարգավորման գործընթացի արդյունավետության վրա։

Այժմ դասական առումով բանակցային գործընթաց չկա, ինչպիսին եղել է մինչեւ 1997 թվականը: 1997 թվականից սկսած միջնորդները կիրառում են մաքոքային դիվանագիտության (shuttle diplomacy) մեթոդը. աշխատանքներ են տարվում կողմերի հետ մի շարք սկզբունքների համաձայնեցման շուրջ, որոնց հիման վրա հնարավոր կլինի շարունակել բանակցությունները:

Սակայն այդ գործընթացը դժվարությամբ էր ընթանում, իսկ 2016 թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, ինչը շատ մեծ հարված էր նաեւ խաղաղ գործընթացին, ավելի է հեռացրել հակամարտության վերջնական լուծման հասնելու հեռանկարները։

Ներկայումս գլխավոր խնդիրը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումն է, եւ միջնորդների ջանքերը հիմնականում դրան են ուղղված»: