Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը մեղավոր է ճանաչվել կաշառք վերցնելու համար։ Այս մասին հայտարարվել է  Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանում, որտեղ դեկտեմբերի 15-ին հրապարակվել է Ուլյուկաեւի դատավճիռը։  Ուլյուկաեւի պատիժը կհրապարակվի է ավելի ուշ, հաղորդում է Meduza-ն։

Մեղադրող կողմը պահանջում է, որ նախկին նախարարը 10 տարվա ազատազրկման դատապարտվի ու պատիժը կրի խիստ անվտանգության ռեժիմով գաղութում եւ 500 միլիոն ռուբլու տուգանք վճարի:

Պաշտպանող կողմը արդարացում է պահանջում պաշտպանյալի համար։

Ալեքսեյ Ուլյուկաեւը մեղադրվում է «Ռոսնեֆթ»-ի ղեկավար Իգոր Սեչինից  կանխիկ 2 մլն դոլար կաշառք ստանալու մեջ: Ապօրինի վարձատրությունը, ըստ մեղադրանքի, Ուլյուկաեւը ստացել է «Ռոսնեֆթ»-ի  կողմից «Բաշնեֆթ»-ի բաժնետոմսերի գնման գործարքի համար Տնտեսական զարգացման նախարարության տրված դրական եզրակացության համար: Ուլյուկաեւը կտրականապես մերժում է առաջադրված մեղադրանքը:

Իգոր Սեչինը չորս անգամ հրավիրվել էր դատարան վկայություն տալու համար, բայց չի ներկայացել`արդարանալով աշխատանքային հագեցած գրաֆիկով:

Արդյունքում, Սեչինի վկայությունը հաշվի չի առնվել դատավճռի կայացման ժամանակ, իսկ գլխավոր վկան Ռուսաստանի անվտանգության ծառայության գեներալ Օլեգ Ֆեոկտիստովն է եղել, որը Ուլյուկաեւի ձերբակալման  պահին գլխավորել է «Ռոսնեֆթ»-ի անվտանգության ծառայությունը։