Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանի դատավոր Լարիսա Սեմյոնովան  ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին  դատապարտել է 8 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, փոխանցում է Meduza-ն: 

Ուլյուկաեւը մեղավոր է ճանաչվել «Ռոսնեֆթ»-ի ղեկավար Իգոր Սեչինից  կանխիկ 2 մլն դոլար կաշառք ստանալու մեջ:

Մեղադրող կողմը պահանջել էր Ուլյուկաեւին 10 տարվա ազատազրկման դատապարտել՝ 500 մլն ռուբլի տուգանքով:

Դատարանը հաստատված է համարել, որ Ուլյուկաեւը 2016 թվականին Սեչինից կաշառք է պահանջել «Բաշնեֆթի» գնման գործարքին աջակցելու դիմաց: Նախկին նախարարին ձերբակալել են «Ռոսնեֆթի» գրասենյակում կաշառքը ստանալիս:

Ինքը Ուլյուկաեւն իր մեղքը հերքում է: Նա հայտարարել է, որ Սեչինից բացի, ոչ մեկը չի լսել իբր կաշառք պահանջելու մասին: Նա նաեւ պնդում է, որ տեղյակ չի եղել փողով պայուսակի պարունակությանը, որը ստացել է Սեչինից: Նախկին նախարարը մտադիր է հասնել կաշառքի սադրանքի հետաքննությանը: