Զինապարտության մասին օրենքի շուրջ իշխանության հետ բանակցությունները չեն բավարարել ուսանողներին եւ նրանցից երկուսը՝ Դավիթ Պետրոսյանն ու Յուրա Ավագյանը, նորից հացադուլ են անում ԵՊՀ-ի լսարաններից մեկում: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ներկայացուցիչները նշում են, որ հանդիպումներին մասնակցում էին մարդիկ, որոնք իրավասու չեն որեւէ փոփոխություն անել ու պատրաստ չէին զիջումների:
Պաշտպանության փոխնախարարը հակադարձում է. ուսանողներից որեւէ հստակ առաջարկ չեն ստացել: Արտակ Զաքարյանի համար տարօրինակ է, որ երիտասարդները չեն օգտվում այն հնարավորությունից, ինչի համար օրեր շարունակ պայքարում էին, իսկ վերսկսված բողոքը, պաշտոնյայի բնորոշմամբ, արդեն ավելի շատ կապրիզի է նմանվում: ԵՊՀ ռեկտորն էլ բողոքը ժամանակավրեպ է համարում: Արամ Սիմոնյանը կարծիք է հայտնել, որ ուսանողները դրսից են հանձնարարություն ստացել՝ նշելով, որ հացադուլ սկսած տղաներն օրերս են վերադարձել Լեհաստանում անցկացված համաժողովից, որը ֆինանսավորել է Սորոսի հիմնադրամը:
Համալսարանում «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի քննարկման ժամանակ ուսանողներն ակցիա են իրականացրել. նրանք պատին «Տարկետում լինելու ա» եւ «ՊՆ կրթության եւ գիտության գործակալություն» գրությամբ թռուցիկներ են փակցրել: Նաեւ հեգնել են Արամ Սիմոնյանին. Սորոսի հիմնադրամի փողերով են անցկացրել ակցիան:
«Ծառուկյան» դաշինքի օրակարգում առայժմ նախագահի թեկնածու առաջադրելու հարցով «Ելք»-ի հետ բանակցելու հարց դրված չէ: Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ բանակցությունների առաջարկը ենթադրում է, որ բանակցող կողմերն իրենք պետք է ընտրեն ընդհանուր ընդունելի թեկնածուին: Երբ նման հարց քննարկվի, Զոհրաբյանի խոսքով, կհայտարարեն: Ավելին, «Ծառուկյան» դաշինքի օրակարգում ընդհանրապես նախագահի թեկնածու առաջադրելու հարց չկա: Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքն օրերս հայտարարել էր խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրելու եւ այդ հարցով «Ծառուկյան» դաշինքի հետ բանակցելու մտադրության մասին: 2018 թվականին, գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո, Հայաստանն ամբողջությամբ անցնելու է կառավարման խորհրդարանական համակարգի: Երկրի նախագահին արդեն ընտրելու է Ազգային ժողովը:
Հայաստանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյուլլերը: Նա, ի դեպ, Հյուսիսատլանտյան դաշինքի պատմության մեջ գլխավոր քարտուղարի առաջին կին տեղակալն է: Գոտեմյուլլերը մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի պաշտոնյաների հետ, եղել ԵՊՀ-ում: Նա խոսել է ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի համագործակցության, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության մասին: Դաշինքը հույս ունի նոր ազդակ տեսնել ղարաբաղյան կարգավորման գործընթացում, քանի որ, կառույցի պաշտոնյայի կարծիքով, հակամարտության կարգավորումը շահավետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ էլ Ռոուզ Գոտեմյուլլերը ՆԱՏՕ-ի անունից երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին մասնակցության, ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնել Նալբանդյանին՝ ՆԱՏՕ-ի շաբաթվա եւ կանանց անվտանգության հարցերով համաժողովի կազմակերպման համար:
Տրանսպորտի նախարարությունը ստիպված է եղել պարզաբանում տալ աղմկահարույց նախագծի առիթով: Խոսքն աջակողմյան ղեկով մեքենաների ներկրման եւ շահագործման արգելքի մասին է: Նախարարության հաղորդագրության համաձայն՝ աջ ղեկով մեքենաների ներկա սեփականատերերին չի արգելվի հետագայում եւս շահագործել դրանք: Սակայն 2018 թվականի ապրիլի 1-ից նման մեքենաների ներկրումը կարգելվի:
Հիշեցնենք, որ տրանսպորտի նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է մշակում, որի համաձայն՝ աջակողմյան ղեկով մեքենաների ներկրման արգելքը պայմանավորված է ԵՏՄ-ի մասին պայմանագրի կետերից մեկով, որը վերաբերում է ճանապարհային երթեւեկության անվտանգությանը: Փորձագետները, սակայն, որոշման նախաձեռնությունն անտրամաբանական են համարում: Նշվում է նաեւ, որ դրա ընդունման արդյունքում աջ ղեկով մեքենաների գները կտրուկ կնվազեն, իսկ ձախ ղեկով մեքենաներինը՝ հակառակը, արհեստականորեն կբարձրանան: Իսկ կարծիքները, թե աջակողմյան ղեկով մեքենաներն ավելի հաճախ են ճանապարհային պատահարների պատճառ դառնում, փաստարկված չեն: Նման վիճակագրություն ընդհանրապես գոյություն չունի:
Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը մինչեւ 10 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: Նրան մեղադրում են խարդախության մեջ: Ջիգարխանյանի փաստաբանը ռուսական լրատվամիջոցներից մեկին ասել է, որ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան պարբերաբար գումար է հանել դերասանի բանկային հաշվից. երբեմն՝ մի քանի հազար, երբեմն էլ՝ մի քանի հարյուր հազար ռուբլի: Արդյունքում, ըստ փաստաբան Եվգենի Պարֆյոնովի, Ջիգարխանյանի բանկային հաշվին հիմա ընդամենը 7000 ռուբլի է մնացել: Փաստաբանը վստահեցնում է, որ դերասանը կնոջը նման գործարքների թույլտվություն չի տվել: Փաստաթղթերի համաձայն՝ Վիտալինան Ջիգարխանյանի հաշվից, ընդհանուր առմամբ, 12 միլիոն ռուբլի է հանել:
Հենրիխ Մխիթարյանը համաձայն է տեղափոխվել «Ինտեր»: Իտալական ակումբը հետաքրքրված է հայ ֆուտբոլիստով, նրա գործակալի հետ արդեն քննարկում է տրանսֆերի հարցը: Չի բացառվում, որ Մխիթարյանը դառնա պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Մարիուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքի մի մասը: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 9 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն էլ օրերս հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել 28-ամյա կիսապաշտպանին: Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաեւ թուրքական «Բեշիկթաշն» ու նրա նախորդ ակումբը՝ Դորտմունդի «Բորուսիան»:
Դոլարն ու եվրոն շարունակում են թուլանալ: Դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 18-ին կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 568, ռուբլունը՝ 8 դրամ 23 լումա, ֆունտինը՝ 643 դրամ:
Դեկտեմբերի 19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +6+8 աստիճան տաքություն:











