Երեւանի Վաղարշյան փողոցում գտնվող «Պարմա»  առևտրի կենտրոնի մոտ 2013թ. նոյեմբերի 28-ին Արմեն Փիրյանի սպանության փորձի գործով մեղադրողը դեկտեմբերի 19-ին դատարանում միջնորդեց 3 ամբաստանյալներին էլ դատապարտել 13 տարվա ազատազրկման:

Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող Արա Մնացականյանն իր ճառում ընդգծեց, որ ամբաստանյալներ Աշոտ Մնացականյանին, Էդվարդ Թորոսյանին եւ Արսեն Թադեւոսյանին առաջադրված մեղադրանքները հիմնավոր են, նրանք գործել են միասին եւ փորձել դիտավորյալ ապօրինաբար կյանքից զրկել Արմեն Փիրոյանին: Նշենք, որ Աշոտ Մնացականյանը, Արսեն Մաթևոսյանն ու Էդվարդ Թորոսյանը մեղադրվում են խմբի կազմում խուլիգանական դրդումներով սպանության փորձ և որպես զենք օգտագործված առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ:

Դատաքննության ընթացքում, ըստ մեղադրողի, հաստատվել է, որ տուժող Արմեն Փիրոյանը նախկին կնոջից՝ Ա. Հովհաննիսյանից ամուսնալուծվելուց հետո ամուսնացել է մեկ ուրիշի հետ եւ մեկնել ԱՄՆ շրջագայության: Այդ ընթացքում Ա. Հովհաննիսյանը ծանոթացել է սույն գործով ամբաստանյալ Աշոտ Մնացականյանի հետ, որի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ: Դատախազը տուժողի ցուցմունքին մեջբերում արեց, որի համաձայն, ինքը երկու անգամ զանգահարել է նախկին կնոջն ու փորձել վերցնել ամուսնական մատանին: Նախկին ամուսինների հարաբերությունները պարզելու համար կնոջ ընկերը՝ Աշոտ Մնացականյանը, մի խումբ անձանց հետ հանդիպել է տուժողին:

«Գործով ամբաստանյալները հարձակվել են Արմեն Փիրոյանի վրա, հարվածներ հասցրել բռունցքներով, ոտքերով, սուր կտրող-ծակող գործիքով, այդ թվում հյութով լի ապակե շշով: Նրանք մտել են նաեւ «Պարմա» առեւտրի կենտրոն, անհարգալից վերաբերմունք դրսեւորել ներկաների հանդեպ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել եւ շարունակել հարվածներ հասցնել Արմեն Փիրոյանին: Տուժողի ցուցմունքի համաձայն՝ հարվածների ընթացքում նրան ասել են «դե գնա մեռի», «Այ տղա, պիտի սպանեմ», «Մեռի, այ օպեր»: Ամբաստանյալների բոլոր գործողություններն ուղղված են եղել անձին կյանքից զրկելուն»,- մեղադրական ճառում ասաց Արա Մնացականյանը:

Այնուհետեւ խմբի անդամները, մեղադրական ճառի համաձայն, լսելով, որ առեւտրի կենտրոնի հաճախորդներից մեկը ոստիկանության գնդապետ է, դիմել են փախուստի, ինչի արդյունքում սպանությունն ավարտին չեն հասցրել՝ իրենց կամքից անկախ պատճառներով: Ելնելով վերագրյալից՝ մեղադրողը միջնորդեց Արսեն Մաթեւոսյանին, Աշոտ Մնացականյանին եւ Էդվարդ Թորոսյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ դատապարտել 12,5 տարվա, իսկ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 4 տարվա ի եւ վերջնական պատիժ սահմանել 13 տարվա ազատազրկում:

Պաշտպանական կողմը դատավոր Աննա Մաթեւոսյանին միջնորդեց դատական նիստը հետաձգել եւ ժամանակ տրամադրել պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Դատավորը բավարարեց միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգեց՝ նշանակելով հունվարի 17-ին: