Հունաստանի խորհրդարանը դեկտեմբերի 19-ին ընդունել է 2018 թվականի բյուջեն: Առաջիկա տարվա բյուջեին կողմ է քվեարկել 153 պատգամավոր, դեմ՝ 144 պատգամավոր, հաղորդում է DW- ն:
Բյուջեն նախատեսում է 2,5 տոկոս տնտեսական աճ: Սպասվում է, որ այս ցուցանիշը 2017 թվականին կկազմի 1,6 տոկոս: Նոր բյուջեն նաեւ ապահովում է 3.82 տոկոս առաջնային հավելուրդ:
Սա հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում ներկայացված վերջին բյուջեն է, ընդգծել է երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: «Մենք անցյալում ենք թողնում այն ժամանակաշրջանը, որը ոչ ոք չի ուզում հիշել»,- հայտարարել է քաղաքական գործիչը: Ընդ որում՝ ակնկալվում է, որ Հունաստանի պետական պարտքը 2018 թվականին կպահպանվի մոտավորապես նույն մակարդակի վրա՝ ՀՆԱ-ի 180 տոկոսի չափով:
Այս տարվա մայիսին Հունաստանի խորհրդարանը ընդունել էր խիստ խնայողության միջոցառումների նոր փաթեթ: Այն, մասնավորապես, ենթադրում է 2019 թվականից ի վեր թոշակների կրճատում 18 տոկոսով: Իսկ 2020 թվականից տարեկան եկամտի նվազագույն գումարը, որը չի հարկվում, 8636-ից կկրճատվի մինչեւ 5681 եվրո: Հունաստանի Ֆինանսների նախարարության տվյալներով՝ դա թույլ կտա երկրին խնայել մոտ 3,6 մլրդ եվրո:
Նշենք, որ 2010 թվականից Հունաստանը ֆինանսական աջակցություն է ստանում Եվրամիության կառույցներից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից:




























