Beeline-ի հովանավորությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կազմակերպվեց «Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» ծրագիրը, որն այս տարի իրականացվեց Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի հետ համագործակցությամբ: Կրթական անվճար ծրագրին մասնակցեց 4-9 տարեկան շուրջ 150 երեխա:
Արդեն ավանդույթ դարձած ստեղծագործական-ժամանցային ծրագիրը մեկնարկեց ինտերակտիվ ներկայացմամբ, որից հետո երեխաները Կենտրոնի աշխատակիցների եւ Փոքր թատրոնի դերասանների ուղղորդմամբ պատրաստեցին լուսանկարի շրջանակներ: Հաջորդիվ երեխաներն անմոռանալի հանդիպում ունեցան Ձմեռ Պապի հետ, ստացան նվերներ, ինչպես նաեւ զարդարեցին լուսանկարվելու համար նախատեսված «կախարդական» շրջանակը, որը ծրագրի ավարտին տեղադրվեց Այցելուների կենտրոնում:
«Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» ծրագիրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարվա ամենասպասված կրթական նախաձեռնություններից է՝ նախատեսված ընտանիքների համար: Արդեն ութերորդ տարին Կենտրոնը երեխաներին եւ նրանց ծնողներին մասնակից է դարձնում գալիք տոների ուրախությանը՝ յուրաքանչյուր տարի հանդես գալով նոր ստեղծագործական մոտեցումներով: Այս տարի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բոլոր այցելուները հնարավորություն կունենան լուսանկարվելու երեխաների ձեւավորած շրջանակում մինչեւ տոների ավարտը։ Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ Կենտրոնի կրթական ծրագրերը հովանավորելու համար», - մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր լավ գործընկեր Գաֆէսճեան արվեստի կենտրոնին, որ երեխաների համար նման գեղեցիկ տոն են կազմակերպել։ Ամանորը հրաշքների ժամանակ է, եւ հիանալի է, որ մանուկների համար հրաշքը այստեղ միախառնվում է արվեստի եւ ստեղծագործման հետ։ Անկասկած, արվեստը մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու կարեւորագույն միջոցներից է, եւ մենք ուրախ ենք այս ամենին մասնակից լինել», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը Beeline-ի աջակցությամբ համալրվել է ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների եւ այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների եւ տվյալների բազաների առցանց շտեմարանները։




























