Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Ամանորը պատրաստվում է դիմավորել իր ղեկավարած մարզում, եւ շատ չինովնիկների պես չի պատրաստվում մեկնել Հայաստանից: «Տանն եմ դիմավորելու, բա որտե՞ղ»,-զարմացավ մարզպետը:
Հարցին, թե կա՞ն ամանորյա ավանդույթներ, որոնք Խաչատրյան ընտանիքը պահպանում է, մարզպետն արձագանքեց. «Խնդրում եմ, էդ հարցը ինձ մի տվեք, այլ ուղղեք տանտիրուհուն: Հաստատ կլինեն ավանդույթներ»:
Սուրեն Խաչատրյանը նշեց, որ ամեն Նոր տարի պարտադիր տանը տոնածառ են դնում (ի վերջո, Սյունիքի մարզը հարուստ է երեւնուտներով):
Իսկ հավատո՞ւմ է Նոր տարվա խորհրդանիշ Ձմեռ պապի գոյությանը. «է~, ինչ մանկամիտ հարց ես տալիս»,-ի պատասխան NEWS.am-ի հարցի ասաց մարզպետն ու առաջարկեց լուրջ հարցեր տալ:
Լուրջ հարց. ի՞նչ ակնկալիքներ ունեք 2011 թվականի հետ կապված: Լուրջ պատասխան. «Էհ, մտածում ենք իրականացնել մարզի զարգացման հետ կապված մեր ծրագրերը: Հիմա թե դրանք Ձմեռ պապիկի միջոցով կիրականացնենք, թե Աստծո, թե ներսի ջանքերի շնորհիվ, էական չի:
Համենայնդեպս, կարծում եմ, որ 2011 թվականի հետ կապված ծրագրերը իրականացնելու ենք, դեռ մի բան էլ ավելի»: Թե ինչ ծրագրերի մասին է խոսքը՝ Սյունիքի մարզպետը բավարարվեց միայն ասելով. «Կապրեք, կտեսնեք»:





























