Երգչուհի Էմմին, ով Գերմանիայում մայիսի 10-14-ին կայանալիք «Եվրատեսիլ 2011-ին» կներկայացնի Հայաստանը, Ամանորը դիմավորելու է Երեւանում, տանը, ծնողների հետ:

«Ես ամեն տարի, որտեղ էլ լինեմ, փորձում եմ այդ օրը վերադառնալ եւ ընտանիքիս հետ անցկացնել»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհին:

Նոր տարին Էմմիի ամենասիրելի տոներից մեկն է եւ նա յուրահատուկ հոգատարությամբ է պատրաստվում դրան: «Ավելի շատ ժամանակ եմ ծախսում Ամանորին նախապատրաստվելու համար, քան ծննդյանս օրը: Բոլոր հարազատներիս համար նվերներ եմ պատրաստել»,-նշեց երգչուհին:

Նրա սպասելիքները 2011 թվականից առանձնահատուկ են. «Իմ ամենասիրած թիվը 11-ն է եւ ես շատ լավ բաներ եմ ակնկալում: Ուզում եմ, որ անմոռանալի լինի ինձ համար այս տարին»:

Ամեն տարի ամանորյա գիշերն Էմմին երազանք է պահում, սակայն այս տարվա նրա երազանքը կապ չի ունենալու «Եվրատեսիլ 2011-ի» հետ:

««Եվրատեսիլը» երազանք չի եղել, դա ուղղակի փորձություն է, որը եւս պետք է հաղթահարել եւ անցնել: Ես տարբեր միջազգային մրցույթների եմ մասնակցել եւ սա եւս մեկ մրցույթ է, պարզապես մի քիչ ավելի մեծ մասշտաբներով»:

Նշենք, որ Հանրային հեռուտաընկերությունն այս տարի որոշում է կայացրել «Եվրատեսիլ 2011» միջազգային երգի մրցույթին ուղարկել Էմմիին: