Մի՜ վերածեք Ամանորը որկրամոլության տոնի. իրենցընտրազանգվածին խորհուրդ են տալիս  ազգի ընտրյալները: Ինչպես պարզվեց մեր բլից հարցազրույցների ժամանակ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ, նրանք մեծամասամբ նոր տարվա սեղանին վերաբերում են անտարբերությամբ եւ խորհուրդ են տալիս իրենց ընտրողներին չընկնել հատուկ աժիոտաժի մեջ՝ տոնական ուտելիքներ պատրաստելու համար:

Սակայն ազնիվ լինելու համար նշենք, որ արտաքնապես նրանց տեսքին նայելով դժվար է հավատալ, որ պատգամավորները որոշակի արհամարհանքով են վերաբերում ուտելիքներին ընդհանրապես եւ ամանորյա կերակրատեսակներին մասնավորպես: Իսկ ահա «ձիգ» եւ նիհար «էլեկտորատի» տեսքին նայելով, որը փողոցներով «թափառում է» խորը մտահոգ հայացքներով, կարելի է դատել, որ ամանորյա կերակուրներն ամենեւին էլ ընդգրկված չեն նրանց ամենօրյա առաջնահերթային խնդիրների մեջ:

Ամեն դեպքում մենք փորձեցինք պարզել, թե ամանորյա ո՞ր կերակրատեսակներն են առավելապես նախընտրում, «առանձնահատուկ ախորժակով չտարբերվող» հայ խորհրդարանականները:

Հարցումների արդյունքում շքերթի առաջին տեղը գրավում է ավանդական տոլման: Ընդ որում, մեծ պահանաջարկ ունեն բոլոր տեսակի տոլմաները` թփով, կաղմաբով, բադրիջանով եւ այլն: Տոլմայի սիրահարներն են Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հովհանես Սահակյանը, ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը, ով ի դեպ նախընտրում է ամառային տոլմա:

Ընդ որում, Սամվել Նիկոյանը խոստովանեց, որ նույնիսկ կարիք չունի մտածելու, թե որն է իր սիրած կերակրատեսակը:

«Իմ ամենասիրելի ուտեստը տոլման է, որն անփոխարինելի է: Ինձ համար ամեն ինչ սկսում է այդ կերակրատեսակով եւ ավարտվում է դրանով»,- ասաց նա:

Իսկ ահա ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն արդեն երկրորդ տարին շարունակ հավաստիացնում է, որ անտարբեր է ուտելիքների նկատմամբ: «Ընդհանրապես նախընտրում եմ սուպեր, իսկ ամանորյա ուտեստների նկատմամբ անտարբեր եմ, սեղանին մոտենում եմ միայն նրա համար, որպեսզի բերանս ինչ-որ բան գցեմ խմելուց հետո, դե ալկոհոլի ազդեցությունը չեզոքացնելու համար»,-խոստովանեց նա:

Իսկ ահա ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը հատկապես համեղ է պատրաստում հնդկահավը, եւ ամեն ինչ անում է, որպեսզի այն զարդարի ամանորյա սեղանը:

Չնայած զբաղվածությանը, խոհարարական հմտությունները չի կորցրել «Օրինաց երկիր» խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը, ում խոսքից կարելի է ենթադրել, որ գիշերներն անց է կացնում խոհանոցում: «Երկաթե լեդիի» ամանորյա նախընտրությունների ցանկում, սակայն, չկա տոլման: Հեղինե Բիշարյանն ամենաշատը սիրում է քյուֆթան` պանրով եւ մայոնեզով:  Դեսերտները եւս առանձնանում են Բիշարյանի ընտանիքում, քանի որ որպես դեսերտ նա մատուցում է ոչ թե ավանդական թխվածքներ, այլ ազգային ղափամա:

«Սակայն ես անձամբ նախընտրում եմ աղանդեր, այդ պատճառով փորձում եմ ամեն օր թարմ  սալաթ պատրաստել իմ հյուրերի համար»,-ասաց Բիշարյանը:

Նա նաեւ նշեց, որ շատ գումար  չի ծախսում չրեղեն առնելու համար, քանի որ ամռան ընթացքում նա այնքան է պատրաստում, որ նույնիսկ բաժանում է բարեկամներին:

«Սակայն այս տարի այդ հարցում ես մի քիչ թերացա, քանի որ մրգերը շատ թանկ էին»,-վրդովված նշեց Բիշարյանը:

Ընդհանուր առմամբ Բիշարյանը գլուխ գովեց, որ  կարող է պատրաստել բոլոր այն ուտեստները, որոնք հայտնի են մեզ: Ընդ որում  նա հայտարարեց, որ չի սիրում Նոր տարին վերածել որկրամոլության տոնի:

Զրույցի ժամանակ նա նաեւ հայտնեց, որ արդեն 13 տարի շարունակ «Օրինաց երկրի»  բարձրաստիճան անդամները Ամանորի գիշերը միասին են դիմավորում:

«Այս տարիների ընացքում այդ ավանդույթը չի խախտվել: Հավաքվում ենք 23:00-ին եւ ցրվում առավոտյան՝ բոլորը կերած, ուրախ, բարձր տրամադրությունով»,-խոստովանեց Բիշարյանը` հավելելով, որ արդեն ժամը 5-ի մոտ ՕԵԿ-ի կերած-խմած անդամները, ովքեր չեն սիրում Նոր տարին վերածել որկրամոլության տոնի, նաեւ խաշ են ուտում:

Ամենահամեստը ամանորյա ուտեստների նախընտրության հարցում ընդդիմության ներկայացուցիչներն են:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ Ամանորին բոլոր տոնական ուտեստներից նախընտրում է սովորական սպասը: Դե ինչ, դրա մեջ էլ առավելություն կա, կարելի է խուսափել ստամոքսի խանգարումներից: