Դեկտեմբերի 27-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանին ընդունել է Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ դոկտոր Մահմուդ ալ-Աբրաշը: Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա նոյեմբերին ՀՀ Ազգային Ժողովի նախագահի ՍԱՀ պաշտոնական այցի արդյունքները, ինչպես նաեւ` երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ: Բացի այդ, կարեւորվել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ համագործակցության զարգացման եւ ամրապնդման գործում:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ը տեղեկանում է, որ հանդիպմանը դեսպանը ՍԱՀ ԺԺ նախագահին է փոխանցել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Հայաստան այցելելու հրավերը:
Գոհունակությամբ ընդունելով հրավերը՝ դոկտոր Մահմուդ ալ-Աբրաշը նշել է ՀՀ այցի նախնական ժամկետը՝ 2011 թ. փետրվար ամիսը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Արշակ Փոլադյանը հանդիպում էր ունեցել Սիրիայի բարձրագույն կրթության նախարար դոկտոր Ղիաս Բարաքաթի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները:
Մասնավորապես, քննարկման առարկա է դարձել «Երկու երկրների միջեւ կրթական դիպլոմների փոխճանաչելիության մասին» պայմանագրի խնդիրը, որի նախագիծը սիրիական կողմին է ներկայացվել դեռ 2006թ.: Նախարարը խոստացել է ուսումնասիրել հարցը, ինչպես նաեւ ստանալ սիրիական շախագրգիռ գերատեսչությունների կարծիքները եւ պաշտոնապես տեղեկացնել հայկական կողմին:
Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի մասնավոր ԲՈՒՀ-երում սովորող սիրիացի ուսանողների կրթական ծրագրերին եւ կրթության մակարդակին: Դեսպան Փոլադյանն առաջարկել է աշխատանքային խումբ գործուղել Հայաստան` խնդիրներին տեղում ծանոթանալու եւ դրանց լուծման ճանապարհներ գտնելու համար:





























