Դեկտեմբերի 26-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երեւան նախատեսված «Արմավիա» ավիաընկերության չվերթները, պայմանավորված եղանակային վատ պայմաններով, հարկադրված իրականացվել են «Վնուկովո» օդանավակայանից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:

Ինչ վերաբերում է Երեւան-Մոսկվա չվերթերին, ապա դրանք իրականացվել են առանց ուշացումների։ «Դրան հակառակ, «Դոմոդեդովո» օդանավակայանում հավաքված ուղեւորների տեղափոխությունը դեպի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաեւ «Վնուկովո» օդանավակայանի խիստ ծանրաբեռնվածության հետեւանքով Մոսկվայից Երեւան ուղղությամբ չվերթները կատարվել են որոշակի ուշացումներով»,- նշեց «Արմավիայի» ներկայացուցիչը:

Նշենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո», «Շերեմետեւո», եւ «Վնուկովո» օդանավակայաններում երկուշաբթի առավոտվա տվյալներով 13 չվերթեր հետաձգվել են, 38-ը՝ չեղյալ հայտարարվել, 25-ը՝ չեն թռել: Այս մասին ասված է օդանավակայանների կայքէջերում։

Անցած հանգստյան օրերին Մոսկվայի օդանավակայաններում աշխատանքները խախտվել են եղանակային վատ պայամանների պատճառով։ Ամենամեծ դժվարությունները ծագել են «Դոմոդեդովոյում»: Պատճառը եղել է էներգոսնուցման խափանումը, էլեկտրալարերի սառչելը եւ կտրվելը։