Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Փարիզից ժամանել է Ստրասբուրգ՝ ելույթ ունենալու ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին: Նրան դիմավորել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետտին

Հայաստանի նախագահը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, գրառում է կատարել նաեւ Եվրոպայի խորհրդի Ոսկե գրքում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում իր ելույթում Սերժ Սարգսյանը նշել է, թե Հայաստանը կօգտագործի Ղարաբաղի վրա իր ազդեցությունը հակամարտության կարգավորմանը աջակցելու համար: 

Պատասխանելով ադրբեջանցի ագրեսիվ պատվիրակի  հարցերին՝ Սերժ Սարգսյանը նախ կոչ է արել նրան հանգստանալ

Անդրադառնալով կոռուպցիայի խնդրին՝ Սերժ Սարգսյանը նկատել է, որ Հայաստանում մեծ աշխատանք է կատարվել կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ, բայց ցավով պետք է արձանագրի, որ աշխատանքները շատ մեծ արդյունք չեն տվել

2017-ին ադրբեջանական զինուժի ոչ մի գործողություն աննկատ չի մնացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Ամփոփելով տարին՝ բանակի հրամանատարը նշել է, որ պաշտպանության բանակին հաջողվել է պահպանել խաղաղությունը եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ վստահեցնելով, որ ՊԲ-ը ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն եւ պատվով կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը: 

Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով դատարանում այսօր ցուցմունք է տվել առանցքային վկա Արամ Պետրոսյանը: Նա գործով ամբաստանյալներից Պետրոս Իսրայելյանի մտերիմ ընկերն է, որը դեպքի պահին եղել է «Լիա» գեղեցկության սրահում եւ ականատես եղել կրակոցներին: Արամ Պետրոսյանը պնդել է, որ Պետրոս Իսրայելյանը անմեղ է եւ ոչ մի կապ չունի գեղեցկության սրահում երկու անձի սպանության հետ: Նշենք, որ այս գործով ցուցմունք չի տվել միայն երեք վկա, որոնք արդեն մի քանի դատական նիստ չեն ներկայանում դատարան

Երեւանում այսօր վթարի է ենթարկվել Քուվեյթի պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մանվել Բադեյանը: Lexus-ի եւ Hyundai-ի բախումից հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա Տիգրան Ս.-ն եւ 61-ամյա Մանվել Բադեյանը: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Մանվել Բադեյանը լուրջ վնասվածքներ չի ստացել: 

Այսօր տեղական ժամանակով ժամը 18:09-ին  Գառնի գյուղից 7 կմ հարավ-արեւելք 2.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գառնի գյուղում՝ 2-3 բալ: 

Քսենիա Սոբչակը ցանկանում է նախաճաշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածուն Միացյալ Նահանգներ կժամանի փետրվարի 6-ին դասախոսական ծրագրի շրջանակներում: Հայտնի է, որ Սոբչակը ելույթ կունենա Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում: Բաց քննարկման թեման կլինի Ռուսաստանի «հետավտորիտար» ապագան: Այնուհետեւ նա ելույթ կունենա Ջորջթաունի համալսարանում:  

Հունվարի 24-ին դոլարը շարունակել է նվազել, իսկ եվրոն՝ թանկացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 583, ռուբլունը՝ 8 դրամ 52 լումա, ֆունտինը՝ 677 դրամ: 

Հունվարի 25-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:  Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0 +2, ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն: