Հայաստանի Ազգային ժողովում օրենսդրական գործունեությամբ զբաղվող 8 ճագար (կատու) կա: Խոսքը փամփլիկ, բարի, հնարամիտ, անմեղ գազանիկների մասին չէ, այլ այդ գազանիկի տարում ծնվածների մասին, որոնցից շատերն, ի դեպ, դատելով նրանց պահվածքից ու գործունեությունից, նվազ անչություն ունեն անմեղության ու բարության հետ: Իսկ այ արտաքինով՝ փամփլիկ են, որոշ հարցերում էլ՝ աննկարագրելի արագավազ:

Եւ այսպես՝ ճագարի տարում են ծնվել ՀՅԴ խմբակցությունից՝ Արթուր Աղաբեկյանը, Արայիկ Գրիգորյանը, Հրայր Կարապետյանը, ՀՀԿ խմբակցությունից՝ Դավիթ Հարությունյանը, Էդուրադ Շարմազանովը, Կարեն Սարիբեկյանը, Ռուբեն Հայրապետյանը,  ինչպես նաեւ անկախ պատմագավոր, Արա Սիմոնյանը:

Ի դեպ, պարոնայք «ճագարների» մի մասը, ինչպես պարզվեց NEWS.am-ի հետ զրույցից, այնքան էլ ոգեւորված չեն, կամ, այլ կերպ ասած, դիսկոմֆորտ են զգում այն հանգամանքից, որ ծնվել են ճագարի պես կենդանու տարում. դե ճագարն իր ազդեցիկությամբ չի կարող մրցել, ասենք, վագի, ցլի, ձիու, վիշապի, տեղ-տեղ էլ  կապիկի ու աքաղաղի հետ: Ինչ արած, հարմարվել է պետք:

Եւ այսպես՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ծնվել է 1963 թվականին: Երբ հարցինք, թե ճագարին հատուկ գծերից՝ բարություն, հնարամտություն, որո՞նք են տիպական նաեւ իրեն՝ արձագանքեց. «Ճիշտն ասած՝ իմ ու ճագարի միջեւ ոչ մի ընդհանրություն չեմ տեսնում: Ես չեմ կարող ասել, որ ես ճագարի նման բարի եմ, կամ նրա պես հնարամիտ: Ընդհանրապես որեւէ աղերս չեմ տեսնում իմ եւ ճագարի միջեւ»:

Ինչ վերաբերում է ճագարի տարվա հետ կապված իր ակնկալիքներին ու երազանքներին՝ ապա Հարությունյանը գաղտնապահություն ցուցաբերեց. «Գալիք տարվա հետ կապված երազանքներիս մասին որեւէ մեկին չեմ ասում: Իսկ ակնկալիքներս այն են, որ երազանքներս իրականանան»: Պատգամավորն ամփոփեց նաեւ անցնող 2010 թվականը՝ նշելով երկրի ձեռբերումներն ու բացթողումները: «Ձեռքբերումներ եղել են, անշուշտ, սակայն պետք է ավելի խստապահանջ լինենք եւ մեզ համար շատ ավելի բարձր նիշ սահմանենք 2011 թվականի համար: Թեեւ մենք առանձին ոլորտներում ունեցել ենք արդյունքներ, սակայն ամեն ինչ պետք է անենք, որ այդ արդյունքերը լինեն ավելի շոշափելի»:

Արտաշես Գեղամյանի գլխավորած «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Արա Սիմոնյանը նույնպես ծնվել է 1963 թվականին: «Չեմ հավատում կենդանակերպի նշաններին եւ աստղագուշակությանը: Չգիտես ինչու, ես միշտ իմացել եմ, որ իմ ծնված տարին ոչ թե ճագարի տարի է, այլ կատվի տարի: Եւ հետո՝ ես ծնվել եմ  հունվարին, երբ դեռ իր իրավունքների մեջ է վագրի տարին: Ինչեւէ, այդ կենդանուն՝ ճագարին, իմ հետ ասոցացնել երբեք մտքովս չի անցել, երեւի դուք՝ լրագրողներդ կամ կանայք կարող եք դա անել»,-հայտարարեց Սիմոնյանը՝ եւ հավելեց. «Ես միայն կարող եմ ասել, որ ճագարը համով միս ունի: Եւ չեմ էլ կարծում, որ զոդիակի հետ կապված հարցերը տղամարդու հետաքրքրվելու կամ ուսումնասիրելու հարց է»:

Ինչ վերաբերում է անցնող տարվա բացթողումներին եւ ձեռբերումներին, Սիմոնյանն ասաց. «Շատ կարեւոր ձեռբերում էր Աստանայի գագաթնաժողովում ընդունված հայտարարության մեջ ստատուս քվոյի ամրապնդումը, ինչպես նաեւ արձանագրումը, որ առանց ազգերի ինքնորոշման հարցը չի լուծվի: Քանի որ արտաքին ճակատում կարողացել ենք հանգիստ, կայուն վիճակ ապահովել, ուստի՝ թեւներս քշտած պետք է զբաղվենք ներսի հարցերով՝ ժողովրդի բարեկեցության հարցի լուծմամբ: Այսինքն՝ նորմալ հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնենք, որ մարդիկ աչքները դուրս չանեն: Ընդհակառակը՝ դրսի մարդիկ գան Հայաստան»:

 

Հ.Մանուկյան