Տարին  ավարտվում է, սակայն դերասան Սերգեյ Դանիելյանն (Յոժ) այնքան էլ գոհ չէ 2010 թվականից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ դերասանը։

«Ծանր-ստեղծագործական տարի էր, բայց դա մի կողմ։ Ընդհանուր առմամբ, անցնող տարվանից գոհ չեմ։ Օրինակ, «Օրանժը» մտավ ու բոլորին խաբեց իր ինտերնետով։ Հետո «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը խաբեց ինձ։ Դեբիլի նման ապրում ենք ու չգիտենք՝ ինչ անենք։ Եթե մի քիչ գրագետ լինեինք եւ կարողանայինք մեր իրավունքները պաշտպանել, ավելի լավ կլիներ»,- ասաց դերասանը:

Հարցին, թե ի՞նչ կմաղթի Նոր տարում հայաստանյան իշխանություններին եւ ընդդիմությանը, Սերգեյ Դանիելյանն ասաց. «Երկուսին էլ առողջություն եւ լիքը փող կմաղթեի, որ մեզ հանգիստ թողնեն ու երկուսն էլ մեզանից հեռու մնան»։

Նշենք, որ 2010-ին դերասան Սերգեյ Դանիելյանը իրեն պատճառված անհարմարությունների համար դատի էր տվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին՝ ակնկալելով ինչպես նյութական  փոխհատուցում, այնպես էլ հրապարակային ներողություն ստանալ ընկերությունից: