Չորս տարի անընդմեջ Նոր տարին ԱՄՆ-ում դիմավորած երգիչ Անդրեն այս անգամ ամանորյա տոնը կանցկացնի Հայաստանում, ընտանիքի հետ: Նա կօգնի մորը պատրաստել խաղողի թփով տոլմա եւ հնդկահավ:
«Կարծում եմ, որ այս տարի ավելի լավ կլինի, քանի որ ընտանեկան ջերմությանը չի կարող փոխարինել, թեկուզեւ գերազանց, սակայն առանց այդ ջերմության անցկացրած Նոր տարին», - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անդրեն:
Սակայն երիգիչն ամանորյա գիշերը տանը կմնա մինչեւ ժամը 1-ը, քանի որ 1-ից մինչեւ 1 անց 30 պետք է ելույթ ունենա Հանրապետության հրապարակում, իսկ հետո տոնելու է ընկերների հետ:
Անդրեն Ձմեռ պապուց շատ բան է ուզում, բայց դրանք հոգեւոր բնույթի են:
«Ձմեռ պապուց ուզելու շատ բան ունեմ, սակայն ես շատ չեմ ուզում. միայն երջանկություն եւ վերջ», - ասաց Անդրեն: Նյութական բնույթի ցանկությունների մասին երգիչն ասաց, որ ունեցածից էլ գոհ է:
«Կան ցանկություններ, որոնք վնասում են մեզ, բայց շարունակում ենք ցանկանալ: Այնպես կանեի, որ աշխարհում պատերազմ չլիներ: Աշխարհի երեսից կվերացնեի կաշառակերությունը, ատելությունը: Կպատռեի եւ մի կողմ կնետեի «փող» հասկացությունը, որպեսզի այն երբեք չլիներ, քանի որ այն շատ դժբախտությունների աղբյուր է», - նշեց երգիչը:





























