ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամության թեկնածուներին «բարձրակարգ» է համարում։
«Բարձրակարգ մակարդակներ են նրանք և մեր ընտրությունը պետք է լինի դրական, բնականաբար»,- այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Դիմելով ԲԴԽ անդամի 5 թեկնածուներին, նա ասաց. «Հարգելի թեկնածուներ, ձեզ համար բացառիկ հնարավորություններ են ստեղծված, իսկապես շտկելու ՀՀ դատական համակարգը: Դուք ինքներդ գիտեք, թե այն ինչ տխուր վիճակում է: Այդ համակարգը շտկելու գործը, ըստ էության, հանձնված է ձեզ, օգտվեք բացառիկ հնարավորությունից ու ձեր ուժով այդ համակարգը դարձրեք այնպիսին, ինչպիսին ուզում եք»:
Բոստանջյանը անդրադառնալով ԲԴԽ անդամի թեկնածուներից արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին, ասաց, որ միշտ հետեւել է, որ հանկարծ ընդդիմադիր ուժերը նրան «նեղը չգցեն». «Բոլոր դեպքերում միշտ հպարտացել եմ, որ նման բարձր մակարդակի անձի եմ առնչվել»:
«Գագիկ Հարությունյանին ճանաչում եմ 1983 թվականից, որի հետ աշխատել է Ժողինստիտուտում: Հետաքրքիր անձնավորություն է, հայ իրականության մեջ եզակի մարդ է: Մեկ Միկոյանն է այսքան երկար իշխանության մեջ եղել, մեկ էլ Գագիկ Հարությունյանը: Հենց այնպես չեն լինում իշխանության մեջ»,-ընդգծեց Բոստանջյանը:
Նա հույս հայտնեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը կաշխատի արդյունավետ եւ բարձր մակարդակով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին, երրորդում՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին, 4-րդում՝ փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, եւ 5-րդում՝Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանին:
Նշենք, որ ԲԴԽ 10 անդամներից 5-ին ընտրում է ԱԺ-ն, մյուս 5-ը լինելու են բոլոր ատյանների դատարանների դատավորներից:











