Միացյալ Նահանգները կարծում է, որ եմենյան «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմնակիցների վերջին գործողությունները կասկածի տակ են դնում Եմենի իրավիճակի խաղաղ կարգավորմանը նրանց հավատարմությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նախօրեին համապատասխան հայտարարություն է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Եմենում քաղաքական գործընթացի վերականգնման ՄԱԿ փորձերին եմենյան հուսիները պատասխանել են նոր անպատասխանատու հրթիռային հարձակումների սպառնալիքով՝ նրանց նման, որոնք իրագործվել էին անցած կիրակի: Այս գործողությունները կասկածի տակ են դնում խաղաղ գործընթացին հուսիների հավատարմությունը»,- նշված է փաստաթղթում: «Հարձակումները վերստին ցուցադրում են, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շարունակում է խոչընդոտել քաղաքական գործընթացին, ինչպես նաեւ ռազմական գործողությունների ծավալմանը եւ տարածաշրջանի ապակայունացմանը նպաստում է հուսիներին եւ այլոց զենք մատակարարելով»,- կարծում են Վաշինգթոնում:
Ընդգծվում է, որ ամերիկյան վարչակազմն աջակցում է ՄԱԿ հովանու ներքո ընթացող գործընթացին, որը կարող է օգնել կարգավորել Եմենում հակամարտությունը եւ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատել:
Մարտի 25-ին Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը որսել եւ ոչնչացրել է «Անսար Ալլահի» կողմնակիցների արձակած 7 բալիստիկ հրթիռ, այդ թվում՝ երեքը Էր Ռիադի երկնքում: Հարվածների հետեւանքով զոհվել է մեկ մարդ, երկուսը վիրավորվել են: Թագավորությունը Թեհրանին մեղադրել է հուսիներին ապօրինի սպառազինության, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների մատակարարման մեջ, եւ հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում Թեհրանի սպառնալիքներին համապատասխան կերպ պատասխանելու:




























