Եվրամիությունն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքից: Այդ մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ երեկվա հանդիպումից հետո մենք քննարկել ենք այդ հարցը այլ կարեւոր հարցերի կողքին: Ես խորը անհանգստություն հայտնեցի հակամարտությունից տուժած մարդկանց ճակատագրով»,- ասել է Բարոզուն:

Նա նշել է, որ Եվրամիությունը ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Ըստ նրա, Եվրամիությունը, պատրաստ է հետագայում էլ քաղաքական օգնություն ցուցաբերել հակամարտության կարգավորման ուղղությամբ: «Մենք նաեւ պատրաստ ենք տեխնիկական օգնություն ցուցաբերել, երբ կարգավորման վերջնական համաձայնագիրն ընդունվի»,- նշել է Բարոզուն:

Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ, Բարոզուն նաեւ նշել է, թե «Եվրամիությունը պաշտպանում է տարածքային ամբողջականության սկզբունքը»: