Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն անցյալ տարեվերջին փաստաթղթեր է ներկայացրել՝ Լատվիայում կեցության իրավունք ստանալու համար։ Որպես հիմք, տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, Լուժկովը ներկայացրել է Rietumu banka բանկի կապիտալում 200 հազար լատի ներդրումը (մոտավորապես 146 մլն դրամ), ինչպես նաեւ այդ երկրում անշարժ գույքի առկայությունը։
Լատվիայի ներքին գործերի նախարար Լինդա Մուրցիեցեի խոսքով, ներկայումս ընթանում է Rietumu banka-ի բանկային միջոցներում կատարված ներդրումների ծագումը։ Բացի այդ, նշվում է, որ ստուգման նպատակով ներգրավվել է նաեւ ռուսական կողմը։ «Իրավապահ մարմինները ստուգում են Լուժկովի վերաբերյալ իրենց ձեռքի տակ եղած մեկ այլ տեղեկություն, եւ կարծում եմ, որ իրավական պատճառները բավարար են լինելու, որպեսզի համապատասխան հիմքեր վկայակոչվեն այդ թույտվությունը մերժելու համար»,-հայտարարել է Մուրցիեցեն։
Ինչպես նշում է Kompromat-ը, Լատվիան այնքան էլ ոգեւորված չէ Լուժկովի՝ Լատվիայում հաստատվելու մտադրությամբ. նա բազմիցս եղել է Ռիգայում եւ աչքի է ընկել Լատվիայի նկատմամբ ոչ չեզոք դիրքորոշումներով։ Դեռ աշնանը Մոսկվայի նախկին քաղաքապետը հայտարարել էր, թե Լատվիայում ռուսերենը պետք է լինի երկրորդ պետական լեզու։
Նշենք, որ Յուրի Լուժկովը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել էր շուրջ 18 տարի։ 2010 թվականի սեպտեմբերի 28-ին նա պաշտոնանկ է արվել ՌԴ նախագահի հրամանագրով՝ «նախագահի վստահությունը կորցնելու» հետեւանքով։




























