Բավականին «կերած-խմած» առնետը հայտնվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի նստավայրի տեսախցիկների օբյեկտիվում: Կրծող կենդանին գրավել է հեռուստադիտողների ուշադրությունը, երբ BBC-ի թղթակիցն ուղիղ եթերում լուսաբանում էր սոցիալական ոլորտի սպասվող բարեփոխումները:
Առնետը ուշադրություն չէր դարձնում ոչ թղթակցի, ոչ էլ նկարահանող խմբի վրա: Նա արագ եւ վստահ վազել է շենքի դռների դիմացի աստիճաններով եւ անցքից մտել ներս, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Այս տեսանյութն անմիջապես հայտնվել է YouTube-ում եւ միայն վերջին մեկ օրում այն դիտել են տասնյակ հազարավոր մարդիկ: Տեղի բնակիչներն ասում են, որ վերջին տարիներին Դաունինգ-Սթրիթի շրջանում ահավոր շատացել են առնետներն այն բանից հետո, երբ 1997-ին աշխատանքից ազատվեց «Մկների հրամանատար» մականունով, լեգենդար Հեմփրի կատուն: Նա հավատով ծառայել էր 3 վարչապետերի՝ Մարգարեթ Թետչերին, Ջոն Մեյջորին եւ Թոնի Բլերին:





























