ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 30-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի  մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհավորել է պարոն Շարփին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ նրա փորձառությունը թույլ կտա իր առաքելությունը լավագույնս իրականացնել Հայաստանում:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող գործունեությունն ու ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկրում ստեղծված իրավիճակի շուրջ:  Պարոն Շարփը հույս է հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի Սահմանադրության շրջանակներում եւ կարեւորել Հանրապետության նախագահի դերը այդ գործում: