Ռաքել Դինքը խախտեց ընտանեկան ավանդույթը, երբ հայտարարեց, որ ամուսնանալու է Հրանտ Դինքի հետ: Այդ մասին Դինքի այրու խորթ քույերից մեկի փոխանցմամբ` գրում է թուրքական Hurriyet Daily News & Economic Review պարբերականը:

«Մենք Ռաքելից երիտասարդ էինք, բայց Թուզլայի հայկական մանկական ճամբարում տեսնում էինք իմ ավագ քրոջ` Ռաքելի եւ Հրանտի սերը: Մեր հայրը չգիտեր այդ մասին: Երբ նա եւ ընտանիքի մյուս ավագներն իմացան Ռաքելի եւ Հրանտի սիրո մասին` ահավոր սկանդալ ծագեց»,- պատմում է Երջանիկ Մունղանը` Ռաքել Դինքի խորթ քույրը, որը Հարավ-արեւելյան Անատոլիայի հայկական Վարդան տոհմից է:

Ռաքելի եւ Հրանտի ամուսնության դեմ դուրս եկած աղջկա հորը` Սիամանթ Աղային համոզել է Կոնստանդնուպոլիսի 82-ամյա պատրիարք Շնորք Գալուստյանը:

Այդուամենայնիվ, Ռաքելի հայրը Հրանտից պահանջել է 20 հազար թուրքական լիր: Ի վերջո, համաձայնել են 6 հազարի: Սիմանաթ Աղան հետագայում վերադարձրել է գումարը:

«Նրա միակ նպատակը Հրանտի համար խոչընդոտներ ստեղծելն էր. այդ պատճառով էր գումար պահանջել: Երբ իմ հայրը հասկացավ, որ հաջողության չի հասնի, նա վերադարձրեց գումարը` ասելով, որ ծախսեն հարսանիքի վրա»,- պատմում  է Երջանիկ Մունղանը:

Ռաքելը, հավանաբար, առաջին հարսնացուն էր, որն ամուսնացավ սեփական տոհմին չպատկանող մարդու հետ: