ԱՄՆ-ն մտադիր է արդարություն մտցնել չին-ամերիկյան առեւտրային հարաբերություններում: Այս մասին ուրբաթ ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Էնդրյուս ռազմակայանում լրագրողների հարցերին պատասխանելով հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախքան Դալլաս (Տեխաս նահանգ) աշխատանքային այցով մեկնելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես մեծ հարգանք ունեմ նախագահ (Չինաստանի) Սի Ցզինպինի նկատմամբ, ահա թե ինչու ենք մենք այդքան լավ վերաբերվում (Չինաստանին) եւ մենք հիանալի հարաբերություններ ունենք: Սակայն մենք պետք է արդարություն մտցնենք ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրում: Եվ մենք դա կանենք», - ասել է նախագահը:
Մայիսի 3-4-ը Չինաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած երկօրյա բանակցությունների ընթացքում Պետայան խորհրդի փոխվարչապետ Լյու Հեն եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը որոշ առեւտրային եւ տնտեսական հարցերի շուրջ համաձայնության են եկել: Նրանք նաեւ պայմանավորվել են ստեղծել առեւտրային վեճերի լուծման մեխանիզմ: Մնուչինի գլխավորած ամերիկյան պատվիրակությունը Պեկին էր այցելել երկու երկրների միջեւ առեւտրային վեճերը քննարկելու համար:
Թրամփի վարչակազմը ապրիլի 3-ին հրապարակել էր Չինաստանից ներկրվող ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ Միացյալ Նահանգների առեւտրի դեպարտամենտը մտադիր է լրացուցիչ 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել: Ի պատասխան, Չինաստանի Պետական խորհուրդը հրապարակել է ամերիկյան ապրանքների ցուցակը, որոնց համար կարող են սահմանվել նմանատիպ վճարներ:




























