Արաբական պետությունների լիգայի գործողությունները եւ արաբական երկրների ակտիվ շփումները Իսրայելին ստիպել են հանել ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի տեղի համար իր թեկնածությունը, հայտարարել է պանարաբական կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԱՊԼ-ի մեթոդական քաղաքական ջանքերը, ինչպես նաեւ արաբական երկրների ակտիվ դիվանագիտական շփումները Իսրայելին ստիպեցին 2019-2020 թվականների ժամանակահատվածում ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամի տեղի համար իր թեկնածությունը հանել՝ հրաժարվելով ընտրություններին մասնակցելուց, որոնք անցկացվելու են հունիսին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նիստի ժամանակ»,- ասել է Աբուլ Գեյթը:
ԱՊԼ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ արաբական երկրները ՄԱԿ գործընկերներին պարզաբանել են, որ Իսրայելը շարունակում է պաղեստինյան տարածքի օկուպացիան եւ չի կատարում ԱԽ բանաձեւերը, ինչով խախտում է կազմակերպության Կանոնադրությունը:
Նա հավելել է, որ ԱՊԼ-ն կշարունակի խոչընդոտել Իսրայելի առաջադրմանը ՄԱԿ-ում ղեկավար ցանկացած դիրքի համար, մինչեւ այս պետությունը «չդադարեցնի պաղեստինյան տարածքների օկուպացիան եւ չսկսի հետեւել ՄԱԿ ԱԽ եւ ԳՎ համապատասխան բոլոր բանաձեւերին»:
2019-2020 թվականների ժամանակահատվածի համար ՄԱԿ ԱԽ 5 ոչ մշտական անդամների ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին ՄԱԿ Գերագույն վեհաժողովի նիստում: Իսրայելի դուրս գալուց հետո արեւմտաեվրոպական եւ այլ պետությունների խմբում 2 տեղին հավակնում են Գերմանիան եւ Բելգիան: Նիդերլանդների եւ Շվեդիայի իրավասությունները լրանում են այս տարի:




























