95 տարեկան հասակում վախճանվել է Ջոն Քենեդիի համախոհ, Խաղաղության կորպուսի հիմնադիր Ռոբերտ Սարժենտ Շրայվերը, հայտնում է Agence France-Presse-ը։

Դեմոկրատական կուսակցության հեղինակավոր գործիչ Սարժենտ Շրայվերը մտնում էր այսպես կոչված «Քենեդիի կլանի» մեջ, նա 1953 թվականից ամուսնացած էր Ջոն Քենեդիի քրոջ՝ Յունիսի հետ։ Յունիսի եւ Սարժենտի դուստրը՝ Մարիան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի կինն է։

Սարժենտ Շրայվերը ակտիվ մասնակցություն է ունեցել Քենեդիի նախընտրական քարոզարշավում։ Նրա հաղթանակից հետո Շրայվերը մուտք է գործել նախագահի աշխատակազմ։ Հենց Սարժենտ Շրայվերն է համարվում Խաղաղության կորպուսի՝ 1961 թվականին ձեւավորված, դաշնային  գործակալության կարգավիճակ ունեցող կազմակերպության հիմնադիրը։

Խաղաղության կորպուսը զբաղվում է տարբեր երկրներ կամավոր ամերիկացիներ ուղարկելով, ովքեր համագործակցում են կառավարական կառույցների, ինչպես նաեւ կրթական, ձեռնարկատիրական, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսական եւ բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ։ Խաղաղության կորպուսի ծրագրերում 1961 թվականից մասնակցել են ավելի քան 200 հազար կամավորներ՝ 139 երկրներում:

Քենեդիի սպանությունից հետո Սարժենտ Շրայվերը շարունակում է իր նախկին աշխատանքը՝ զբաղվելով սոցիալական ծրագրերով։

1968-1970 թվականներին Շրայվերը զբաղեցնում է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ Վերադառնալով ԱՄՆ՝ նա 1972-ին դառնում է Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված փոխնախագահի թեկնածու, սակայն պարտություն է կրում հանրապետականներից։ Այն բանից հետո, երբ նա փորձում է դառնալ ԱՄՆ նախագահ, սակայն նրա այդ ցանկությունը հաջողությամբ չի պսակվում, Շրայվերն իր կարիերան ավարտում է հրապարակային քաղաքային գործչի դերում՝ կենտրոնանալով հոմանիտար եւ բարեգործական նախագծերի վրա, նշում է  Lenta.ru-ն։