ՄԱԿ-ի մարդու իրավունքներով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ- Հուսեյնը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել չեղարկել արտակարգ դրության ռեժիմը, որպեսզի ուղի հարթեն դեպի վստահելի ընտրություններ։

«Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է վստահելի ընտրություններ անցկացնել մի մթնոլորտում, երբ Թուրքիայում իշխող կուսակցության հայացքների հետ չհամաձայնողներին դաժանաբար պատժում են»,- ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավուքնների հարցերով գերագույն հանձնակատարի հայտարարության մեջ։

Թուրքիայի նախագահի ու խորհրդարանի արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 24-ին։ Թուրքիայի իշխանությունները արդեն 7-րդ անգամ են երկարացնում արտակարգ դրությունը, որը ներդրվել է 2016-ի հուլիսի պետհեղաշրջման փորձից հետո։

Զեյդի գրասենյակն իր մարտյան զեկույցում Էրդողանի կառավարությանը մեղադրել է զանգվածային կալանավորումների, աշխատանքից կամայական հեռացումների ու այլ չարաշահումների մեջ։