Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել չինական ZTE Corp ընկերության հետ կապված ԱՄՆ դիրքորոշումն այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը խոստացավ օգնել ընկերությանը «արագ վերադառնալ բիզնես», փոխանցում է Reuters-ը:

Չինաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Լու Կանը նշել է, որ Չինաստանը սերտ կապ է պահպանում ԱՄՆ-ի հետ ZTE-ի հարցով այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում 7 տարով արգելեցին ընկերության արտադրանքի վաճառքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ առեւտրի նախարարությունը պատժամիջոցների խախտման համար 7 տարով արգելել է ամերիկյան ընկերություններին վաճառել հեռահաղորդակցման սարքավորումների ոլորտում չինական առաջատար մատակարարող ZTE Corp-ի արտադրանքը:

ԱՄՆ-ում սմարթֆոնների առաջատար վաճառող չինական ընկերությունը անցյալ տարի Տեխասի դաշնային դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտելու համար. ընկերությունը ԱՄՆ ապրանքներն ու տեխնիկան ապօրինի կերպով մատակարարում էր Իրանին: Ընկերությունը 890 մլն դոլար տուգանք էր վճարել: Բացի այդ, Պենտագոնը արգելել էր նաեւ նշված ընկերության արտադրանքի վաճառքն ամբողջ աշխարհի իր բազաներում: Պենտագոնի մամուլի քարտուղար Դեյվ Իսթբուրնը նշել էր, որ այդ սարքերը կարող են «անընդունելի վտանգ ներկայացնել դեպարտամենտի եւ առաքելության աշխատակիցների համար»: