Չկա այնպիսի երկիր, որտեղ պոպուլիզմը հաղթել է, և պետությունը դրանից շահած լինի, նման օրինակ պարզապես չկա։ Այս մասին «За рубежом» առցանց պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը։

«Աշխարհումմեդիումը փոխվել է հանրությունում. տպագիր գրքից մենք անցել ենք էկրանին, որը թելադրում է իր պայմանները։ Էկրանն ունի երկու կարևորագույն առանձնահատկություն՝ դիտարժանություն և սյուժետայնություն։ Այս փոխակերպումը հանգեցրել է նրան, որ քաղաքական իմաստները երկրորդ պլան են մղվել։

Համազգային առաջնորդության հավակնող մարդու դեպքում կառավարման ասպեկտները սկսել են ավելի փոքր նշանակություն ունենալ։ Այսօր կարևոր է, որ նա լինի վառ, դիտարժան, կարևոր է, որ նա ունենա ինչ-որ սյուժե, որը դառնում է ավելի ուժեղ, քան ինքը՝ քաղաքական գործիչը։

Իշխանությունը կա և՛ որպես գործընթաց, և՛ որպես իրադարձություն։ Պոպուլիստները, որոնց ժողովրդականությունը հիմնված է հենց էկրանային թրենդի և էկրանային արվեստի տարածվածության վրա, մարդկանց առաջ ներկայանում են որպես իրադարձության իշխանություն։

Օրինակ՝ Թրամփը, դատելով նրանից, թե ինչպես է կառուցվում նրա հրապարակային դիսկուրսը, չի կարող պարզապես դուրս գալ մարդկանց մոտ և ասել ինչ-որ առօրյա բան։ Նա անպայման պետք է հաղորդի տեղի ունեցած գլոբալ իրադարձության մասին. «Պատերազմն ավարտվել է», «Այն կավարտվի մյուս օրը», «Մենք գործարք ենք կնքել», «Մենք ոչնչացրել ենք երկիրը», «Մենք բռնել ենք նախագահին», «Մենք կվերցնենք Գրենլանդիան», «Կանադան ԱՄՆ-ի հիսուներորդ նահանգն է»։ Այսինքն՝ նրա համար գոյություն ունեն միայն իրադարձություններ, բայց ոչ գործընթաց։ Այդ պատճառով շատ քաղաքագետներ միանգամայն արդարացիորեն վրդովվում են. ինչո՞վ է զբաղվում այս մարդը, եթե նրա համար չկա քաղաքական գործընթաց, և նա դրան չի էլ ձգտում։

Աշխարհում պոպուլիստների ճնշող մեծամասնությունն օգտագործում է մեկ հիմնական միֆ՝ կորսված դրախտի միֆը։ Նրանց ամբողջ դիսկուրսը հանգում է նրան, որ մինչ այդ մարդկանցից ամեն ինչ թաքցրել են, մարդկանցից ամեն ինչ գողացել ու խլել են, իսկ ես ձեզ վերադարձրել եմ այդ դրախտը։

Կա ևս մեկ առանձնահատկություն, որը շատ է պակասում ավանդական քաղաքական գործիչներին և որը շատ է ուժեղացնում պոպուլիստ քաղաքական գործիչներին։ Բանն այն է, որ պոպուլիստ քաղաքական գործիչներն իրենց ցուցադրում են մինչև վերջ։ Նրանց անձի կամ կենսագործունեության որևէ թաքնված կողմ չկա, որը նրանք հրապարակայնորեն ցույց չտային։ Նրանց մասին ամեն ինչ հայտնի է՝ ինչ են հագնում, ինչ են խմում, ինչ են ուտում։ Այս մարդիկ իրենց ամբողջությամբ են ցուցադրում։ Եվ քանի որ մարդիկ սովոր են հետևել էկրանային արվեստին, տեսնել դիտարժանություն և սյուժետայնություն, նրանք անմիջապես համապատասխանում են այս երկու չափանիշներին։

Այսպիսի քաղաքական գործիչները հայտնի են ամբողջությամբ, ի տարբերություն ավանդական քաղաքական գործիչների, որոնց կյանքում, այնուամենայնիվ, կա ինչ-որ թաքնված կողմ։ Ավանդական քաղաքականության համար սա շատ վատ է, որովհետև եթե մեկը խաղում է բաց խաղաքարտերով, իսկ դու՝ ոչ, և ընդ որում մյուսը դերասան է, դա շատ ուժեղ է ազդում պետական կառավարման որակի վրա»,- նշել է քաղաքագետը։