Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախկին նախագահ Հաննինգը զեկույցներ էր պատրաստում Ադրբեջանի հետախուզության համար։ Հաննինգին նախօրեին ձերբակալել են լրտեսության համար, բոլորը միանգամից մտածեցին, թե նա աշխատում էր Ռուսաստանի համար, սակայն Der Spiegel-ը գրում է, որ ոչ՝ Ալիևի և նրա հետախուզության համար, գրում է լրագրող Անդրեյ Զախարովը։

«Ադրբեջանի ազդեցության շրջանակում կա ևս մեկ բարձրակարգ հետախույզ, որը նրա խնամակալության տակ է, և արդեն ոչ թե նախկին, այլ լիովին գործող։ Խոսքը Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի մասին է։ Ինչպես մենք ժամանակին ցույց տվեցինք «Проект»-ում, Նարիշկինի հարմարավետ կյանքի համար պատասխանատու էր՝ կամ մինչ օրս է պատասխանատու՝ Գոդ Նիսանովը։

Նիսանովը Ռուսաստանում առևտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատերն է, «Սադովոդ» շուկայի տերը և Ռուսաստանում Ադրբեջանի շահերի գլխավոր լոբբիստներից մեկը։ Նարիշկինը գնում էր Նիսանովի VIP-բաղնիք հանգստանալու, նրա դուստրը բառի բուն իմաստով աշխատում էր Նիսանովի մոտ, օգտվում էր նրա ինքնաթիռից, նրանից բնակարաններ էր ստանում և այլն։ Նարիշկինի մշտական ուղեկիցը, որը նրան և սաունա էր տանում, և հետը ջեթով թռչում էր, Էլման Բայրամովն է։ Բայրամովը Նիսանովի գործընկերն է և Ադրբեջանի կառավարության առաջին փոխվարչապետ Էյուբովի խնամին (գործարարի դուստրը ամուսնացած է քաղաքական գործչի որդու հետ)։

Հավանաբար իմաստ չունի հեգնել՝ արդյոք Նարիշկինին կձերբակալե՞ն Ադրբեջանի օգտին լրտեսության համար, ինչպես Հաննինգին։ Չէ՞ որ օտարերկրյա գործակալը, միևնույն է, ոչ թե Նարիշկինն է, այլ քաղաքագետ Մարկովը։ Բայց ինձ ուրիշ բան է հետաքրքրում․ տվյալները, որոնք Ադրբեջանը ստանում էր Հաննինգից և Նարիշկինից, մնում էին Բաքվո՞ւմ, թե՞ հասնում էին ավելի հեռու՝ դեպի ավագ գործընկեր Թուրքիա։ Մի օր ուզում եմ այս մասին լրտեսական դետեկտիվ դիտել»,- գրել է Զախարովը։