Ադրբեջանի Իսլամական կուսակցության նախագահ Հաջի Սամեդովի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նա կալանքի տակ է մնալու առնվազն երեք ամիս: Նման վճիռ է կայացրել Բաքվի շրջաններից մեկի դատարանը: Ընդդիմադիր գործչին մեղադրանք է ներկայացվել զենքի ապօրինի պահման եւ փոխանցման, իշխանության բռնի զավթման նախապատրաստության մեջ:

Սամեդովն ու իր երկու աջակիցները ձերբակալվել են դեռ հունվարի 7-ին:

Դրանից մի քանի օր անց ձերբակալվել է Ադրբեջանի ազգային պետականության կուսակցության ղեկավար Նեյմաթ Փանահովը, ով երկար տարիներ համագործակցել է իշխանությունների հետ եւ միայն վերջերս է դարձել հալածյալ:

Հայտնի է, որ Փանահովը, ով ներկայումս գրվում է Փանահլի, Բաքվում 1990թ. հայկական ջարդերի կազմակերպիչներից մեկն է: