ՄԱԿ-ը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել անօրինական միգրանտների ձերբակալումները հարավային սահմանին՝ բաժանելով նրանց իրենց երեխաներից: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի անօրինական ներխուժման եւ ԱՄՆ-ի տարածքում գտնվելու համար քրեական պատասխանատվությունը՝  նշելով, որ դա վարչական իրավախախտում է:

Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ուիլյամ Սպինդլերը նշել է, որ «ձերբակալումը պետք է ծայրահեղ միջոց լինի»:

Միացյալ Նահանգների հարավային սահմանը հիմնականում հատում են Գվատեմալայի, Հոնդուրասի, Սալվադորի քաղաքացիները: Այդ երկրների անբարենպաստ ներքին իրավիճակ նրանց միջազգային պաշտպանության իրավունք է տալիս: