ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը դատապարտել է Բանգլադեշում արտադատական մահապատիժների կիրառումը:

Նա այդ երկրի իշխանություններին կոչ է արել անմիջապես դադարեցնել «մարդու իրավունքների լուրջ խախտումները» եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Վերջին 3 շաբաթվա ընթացքում Բանգլադեշում սպանվել է մոտ 130 մարդ, եւս 13 հազարը կալանավորվել են: Այս սպանությունները սկսվեցին այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը հայտարարեց թմրամոլության նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության մասին: Բանգլադեշում արշավը սկսվեց թմրամիջոցների օգտագործման աճի, հատկապես մետամֆետամինի տարածման պատճառով:

 «Անշուշտ, մաքսանենգությունը եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը հանգեցնում են հասարակության առանձին անդամների եւ ամբողջական համայնքների տառապանքներին, սակայն անօրինական մահապատիժները, կամայական ձերբակալությունները եւ թմրամոլների  խարանումը անթույլատրելի են», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր իրավապաշտպանը: Նա կոչ է արել Բանգլադեշի իշխանություններին ազգային հակաթմրամիջոցային ծրագիր ընդունել, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին: