Իրանի միջուկային համաձայնագիրը ստորագրած կողմերը ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերսկսման կապակցությամբ պետք է Թեհրանին «անվերապահ» փոխհատուցում երաշխավորեն: Այս մասին իր գործընկերներին ուղղված նամակում գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Նամակի պատճենը նա հրապարակել է Twitte-ի իր միկրոբլոգում:
Թեհրանը համաձայնագիրը ստորագրած կողմերին, մասնավորապես եվրոպացիներին կոչ է արել երաշխիքներ տալ, որ Իրանը ինչպես եւ նախկինում կարող է առանց ԱՄՆ-ի մասնակցության լիարժեք օգտվել համաձայանագրի առավելություններից:
«Եթե պայմանագիրը գոյատեւի, մնացած մասնակիցները եւ մյուս տնտեսական գործընկերները պետք է Իրանին անվերապահ փոխհատուցում ապահովեն ` համապատասխան ազգային, տարածաշրջանային եւ համաշխարհային միջոցներով», - ասվում է նամակում:
Զարիֆը նաեւ նշել է, որ համաձայնագրի պայմանները եւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2231 բանաձեւը Թեհրանին «անվիճելի իրավունք» է տալիս «ԱՄՆ-ի կողմից բազմաթիվ անօրինական գործողությունների, մասնավորապես, համաձայնագրից դուրս գալու եւ պատժամիջոցների միակողմանի կիրառման» դեմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել: «Ես կցանկանայի ընդգծել, որ Միացյալ Նահանգներին չպետք է թույլ տանք օգտվել այդ համաձայնությունից ապօրինի դուրս գալուց, ինչպես նաեւ սպառնալ կամ ստիպել այլ պետություններին խախտել Անվտանգության խորհրդի բանաձեւը», - հայտարարել է Իրանի արտգործնախարարը:





























