ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հունվարի 21-ի նիստում քննարկվել է «Խաղաղաշինությունը հակամարտությունից հետո» թեման, որին մասնակցել են Խորհրդի անդամ եւ ոչ-անդամ երկրները, որոնք շարունակական հետաքրքրություն են ցուցաբերում խաղաղաշինության ու վերականգնման դժվարին շրջանի գործընթացներին, քանի որ պատերազմի մեջ ներքաշված հասարակության համար էական նշանակություն ունի կարճաժամկետ կայունացումից երկարաժամկետ անվտանգության անցումը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ թեմատիկ այս քննարկմանը մասնակցել է նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը, ով իր ելույթում նշել է, որ խաղաղաշինության համար անհրաժեշտ գործընթացները քննարկելիս ու իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ իրավիճակի յուրահատկությունը, հակամարտության պատճառներն ու հետեւանքները, որպեսզի առավել արդյունավետորեն իրականացվեն տուժած բնակչության կարիքների ապահովմանն ուղղված անհրաժեշտ ծրագրերը:
Այս համատեքստում, մասնավորապես կարեւորվել է հիմնական դերակատարների, այդ թվում պետությունների, տարածաշրջանային միջկառավարական կառույցների, միջազգային ֆինանսական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների համակարգված դերակատարումն ու համագործակցությունը` խաղաղության ու կայուն զարգացմանն ուղղված վերինտեգրման ու վերակառուցման ջանքերը հաջողությամբ իրականացնելու համար:





























