Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը պատրաստ է վտանգել իր կյանքը եւ առճակատման մեջ մտնել Նիկոլա Սարկոզիի հետ, եթե նախագահը չկատարի Ֆրանսիայի հայերին տված նախընտրական խոստումները:
Le Dauphiné Libéré (ledauphine.com) պարբերականին տված հարցազրույցում Ազնավուրը Ֆրանսիայում հայկական հարցի հետ կապված լուրջ անհանգստություն է արտահայտել:
«Նախագահ Սարկոզին որոշակիորեն ուրացել է ընտրություններին ժամանակ տված խոստումներին: Նա ճիշտ չէ, քանի որ Ֆրանսիայի հայ համայնքը թուրքական համայնքի համեմատ ներկայացնում է մարդկանց զգալի քանակ: Հայ ժողովուրդը պատասխանատու է եւ համարձակ: Այն արյունն է տվել իր երկրի համար: Առաջին անգամ եմ ես խոսում այս մասին, բայց եթե նախագահը չփոխվի` ես կօգտվեմ նրա ձայներից, երբ գա ժամանակը», - հայտարարել է Ազնավուրը:
Նա նշել է, որ Ֆրանսիայում առնվազն 400 000 - 500 000 հայ կա: «Հայկական ծագում ունեցող յուրաքանչյուր ֆրանսիացի կաջակցի ինձ: Եթե այսպես շարունակվի, ես ամբողջովին կնվիրվեմ այս գործին: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ես ունեմ զգալի քաղաքական ուժ: Ես գիտեմ, որ վտանգում եմ իմ կյանքը` ասելով սա: Բայց իմ տարիքում, վերջիվերջո, ինչ է նշանակում կյանքը ռիսկի տակ դնել», - ամփոփել է 86-ամյա Ազնավուրը, որը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է:
Ազնավուրն այս կերպ պատախանել է WikiLeaks հերթական բացահայտմանը, որի շնորհիվ հասարակությանը հայտնի դարձավ, որ Նիկոլա Սարկոզին Թուրքիային խոստացել է Օսմանյան կայսրությունում 1915-1917թթ. հայերի ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն սահմանող ֆրանսիական օրինագիծը «թաղել Սենատում»: Նախընտրական փուլում Սարկոզին ֆրանսահայերին խոստացել էր աջակցել օրինագծի ընդունման հարցում: Ֆրանսիայի հերթական նախագահական ընտրությունները 2012-ին են, եւ հնարավոր է Սարկոզիի մասնակցությունը:
Նշենք, որ Ազնավուրը վերջին շրջանում քաղաքական առաջնորդներին բազմաթիվ կոչեր է անում: Նախօրեին նա Իսրայելին կոչ էր արել պաշտոնապես ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում:
Հունվարի 23-ին Փարիզում Երուսաղեմի համալսարանի միջազգային մրցանակը ստանալիս Ազնավուրը հայտարարել էր, որ միայն վերջին տարիներին է բացահայտվել Թուրքիայի «քարանձավային հակասեմականությունը»: Ազնավուրը հիշեցրել է, որ Թուրքիան մերձավորարեւելյան բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ որդեգրել է հակաիսրայելական դիրքորոշում:




























