Եգիպտական ոստիկանությունը հունվարի 28-ին սահմանափակել է եգիպտական ընդդիմության ղեկավարներից մեկի՝ ՄԱԳԱՏԵ-ի նախկին ղեկավար Մոհամմեդ ալ-Բարադեյի ազատ տեղաշարժվելու հնարավորությունը: Նախօրեին նա վերադարձել է հայրենիք՝ աջակցելու ընդդիմությանը քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների համար մղվող պայքարում:

Ավելի վաղ Al-Jazeera հեռուստաալիքը հայտնել էր ընդդիմադիր գործչի ձեբակալման մասին, սակայն հետո հայտնի դարձավ, որ նրան ուղղակի արգելվել է լինել այն շրջաններում, որտեղ զանգվածային բողոքներ են ընթանում: ՄԱԳԱՏԵ-ի նախկին ղեկավարը մասնակցում է զանգվածային ցույցերին:

Ոստիկանությունն այժմ փորձում է ցրել ցուցարարներին՝ արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ օգտագործելով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: