Թերքի փոխանցմամբ, «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության առանցքային դեմքերից պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը հայտարարել է, թե «չի սիրել Հրանտ Դինքին»: Նա այդ մասին արտահայտվել է դատական նիստում` ի պատասխան Դինքի սպանությանը Էրգենեքոնի առնչության եւ իր մասնակցության վերաբերյալ մեղադրանքներին:

 «Անձամբ չեմ ճանաչել Հրանտ Դինքին, նրա հետ ուղղակի կամ միջնորդի միջոցով որեւէ հանդիպում չեմ ունեցել: Ես նրան չեմ սիրել: Սիրելու պարտավորություն էլ չունեի: Սակայն սպանությանը հավանություն չեմ տալիս: Դինքի դեմ արդեն դատական գործ էր հարուցվել, դատավարությամբ նա կրելու էր իր պատիժը: Թեեւ ինձ մեղադրում են Տրապիզոն գնալու եւ այնտեղ ժանդարմերիայի կայազորի հրամանատար գնդապետ Ալի Օզին` Դինքին սպանելու հրաման տալու մեջ, սակայն ես Տրապիզոնում եղել եմ 2001-ի հունվարի 8-ին, երբ արդեն պաշտոնաթող էի»:

Թերթը նաեւ նշում է, որ հանգուցյալ Դինքին հաճախակի են սպառնացել: Նա անտեսել էր դրանք, բացառությամբ պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքի սպառնալիքի: Եվ այդ մասին հայտնել էր Թաներ Աքչամին. «Առ այսօր սպառնալիքներին ուշադրություն չէի դարձնում, սակայն սպառնացողը եթե Վելի Քյուչուքն է, ապա կնշանակի դրանք չափազանց լուրջ են»: