Թուրքիայի ՆԳՆ-ն քննություն է նախաձեռնել համացանցի 346 հաշիվների դեմ, որոնցում «կենտենտներ են տեղադրված, որոնք անդրադառնում են դոլարի փոխարժեքի վրա», փոխանցում է AP-ն:

Օգոստոսի 13-ին համանման միջոցառումների մասին հայտարարել են եւս մի քանի հաստատություններ: Ստամբուլի դատախազությունը հայտարարել է, որ քննություն է սկսել «նրանց դեմ, ովքեր, տնտեսական կայունությանը սպառնացող գործողություններ են ձեռնարկել»: Թուրքիայի Կապիտալի շուկայի խորհուրդը համանման զգուշացում է հրապարակել նրանց համար, ովքեր տարածում են «կեղծ կամ շփոթության մատնող տեղեկություններ, նորություններ կամ վերլուծություններ»:

Նշենք, որ նախօրեին լիրայի ռեկորդային անկման ֆոնին երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է թուրքական տնտեսության դեմ «ակնհայտ հարձակման» եւ «դավադրության» մասին:

Տարեսկզբից թուրքական լիրան արժեզրկվել է 30 տոկոսով, սակայն իրավիճակը կտրուկ վատթարացել էր Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ դիվանագիտական սկանդալի ֆոնին՝ կապված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի հետ, ում դատում են լրտեսության եւ ահաբեկչությանն օժանդակելու համար: Նրան սպառնում է 35 տարվա ազատազրկում: Վաշինգթոնը պնդում է, որ նա անմեղ է եւ պահանջում է անհապաղ ազատել: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ: Անցյալ շաբաթ թուրքական պատվիրակությունը Վաշինգթոն էր այցելել՝ տարաձայնությունները հարթելու հույս փայփայելով, սակայն կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել: Ավելին՝ թուրքերի այցելությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքը բարձրացրել է 20 եւ 50 տոկոսով: