Կանադան եւ Լատինական Ամերիկայի 5 երկրները Հաագայում Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) խնդրում են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ հետաքննություն սկսել: ՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր ասամբլեայում ներկայացված հայտարարությունում Արգենտինայի, Չիլիի, Կոլումբիայի, Պերուի, Պարագվայի եւ Կանադայի ղեկավարները կասկածներ են հայտնել, որ Մադուրոն մեղավոր է մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար, հաղորդում է DW-ն:

Յոթ էջանոց փաստաթուղթը պարունակում է միջազգային փորձագետների եւ կազմակերպությունների խմբի կողմից հավաքված ապացույցներ, հաղորդում է Reuters-ը:

Վենեսուելայի նախագահին մասնավորապես կասկածում են, որ նա պատասխանատվություն է կրում 2014 թվականի փետրվարի 12-ին երկրում տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ցույցերից հետո ընդդիմության կողմնակիցների խոշտանգումների եւ սպանությունների համար:

Այս դիմումը դարձել է առաջին դեպքը, երբ մի խումբ պետություններ ՄՔԴ-ին բողոք են ներկայացնում այլ երկրի դեմ: Հաագայի դատարանը պետք է որոշի՝ արդյոք այդ հայտարարությունը հիմք կդառնա հետաքննության համար: