Վարչապետի պաշտոնակատարը աշխատանքային այցով Գեղարքունիքում էր։ 190-ամյակը նշող Մարտունիում Փաշինյանը հիշեց, որ ինքներս մեզ քննադատում ենք, թե 3 միլիոն ենք ու բոլորս նախագահ կամ մինիստր, բայց սա, ըստ նրա, թերություն չէ, այլ առավելություն։

Այդպիսի պատասխանատվությամբ մի երիտասարդ ցանկություն հայտնեց կառավարությունում թեյել Փաշինյանի հետ։

Նիկոլ Փաշինյանը, արդեն Գավառում համայնքապետերի հետ հանդիպմանը, խոսեց աշխատանքը քաջալերելու իրենց քաղաքականության մասին։ Փոփոխություններ են սպասվում, որպեսզի Փաշինյանին զարմացրած 80 հազար աշխատավարձը կրկնապատկվի։

Արտաքին աշխարհում էլ հին իներցիայով մեզ փորձում են վերաբերվել որպես փոքր ժողովրդի՝ համակերպվողի դերում, բայց Փաշինյանն ասաց՝ մեր միջազգային բոլոր գործընկերները պիտի արձանագրեն՝ այնպիսի հարաբերություններ, որ սովոր են եղել տեսնել, այլևս չեն լինելու։

Խոպանչիներին, գյուղացիներին հարկելու մտահգությունը Արփինե Հովաննիսյանին ստիպել է լայվ մտնել։ Նա հայտարարել է, թե այդ նախաձեռնությունը հարվածելու է ամենախոցելի խավին և ինքն անելու է ամեն ինչ այդ փորձը տապալելու համար։

Արփինեի և մյուսների մտահոգությունը, սակայն, գոյություն չունեցող նախագծի շուրջ է. ըստ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանի՝ այն վիրտուալ է և դեռ պետք է դրվի հանրային քննարկման։

Գոյություն չունեցող նախագիծը հասավ նաև կառավարության նիստ. առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը բացառեց հարկային որևէ նոր բեռ՝ առանց հանրային համաձայնության։

Նախընտրական օրերի ամենաբուռն վեճերից մեկը, թե ով է արժանի լինելու ընդդիմադիր, այսօր սրվեց նոր որակումներով։ Խորհրդարանական ճեպազրույցներին Վահրամ Բաղդասարյանը «Լուսավոր Հայաստանը» անվանեց լուսանցքային, որը ոչ իշխանություն էր, ոչ ընդդիմություն, այլ այդ թևերի միջև տատանվող ուժ։

Լկտի սուտ է՝ՀՀԿ–ի հետ չենք բանակցել. NEWS.am–ի հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը՝ Բաղդասարյանին խորհուրդ տալով՝ մտածել իր մասին, որ Վանաձորում հիմնարկներ է սեփականաշնորհել ու քանդել։

Ճեպազրույցում Վահրամ Բաղդասարյանը հիշել էր նաև ընդդիմության մեկ այլ հավակնորդի՝ Դաշնակցության անակնկալ անցումները, որ դուրս եկան կոլալիցիայից, միացան նորերին, հետո Բաղդասարյանին անհայտ պատճառով ճանապարհի կեսից որոշեցին ընդդիմություն դառնալ։

Շարմազանովը, ինչպես խոստացել էր, արդեն ֆեյսբուքում է, և աշխուժության առաջին նշաններն է ցույց տվել. նա գրառում է արել և լայվով հայտարարել, որ տեսակով լռող չէ, ասել է ու կասի ճշմարտությունը։

Զեբրը չի սատկել, զեբրին սպանել են մկնդեղով, կենդանաբանական այգու տնօրենը այսօր լաբորատոր փորձաքննության արդյունքն է հրապարակել․ զեբրին թունավորելով փորձել են տնօրենին վնասել նրանք, ովքեր պահանջում էին նրա հրաժարականը։ 

Տնօրենը իր դեմ բողոքողներին մեղադրեց նաև կենդանու բիզնեսով զբաղվելու համար, ասաց սև շուկայից գնված էկզոտիկների թղթաբանությունն են մաքրել, սպիտակեցրել և այգին որպես տարմպլին օգտագործել՝ այդ կենդանիները արտահանելու այլ երկրներ։

Դոլարի փոխարժեքի անկումը շարունակվում է, այսօր՝ նոյեմբերի 19-ին, կազմել է 485 դրամ։ Եվրոն ու բրիտանական ֆունը թանկանում են, եվրոյի փոխարժեքը 554 դրամ է, ֆունտինը՝ 624, ռուսական ռուբլու փոխարժեքը գրեթե անփոփոխ է՝ 7 ու 37 դրամ:

Հանրապետությունում նոյեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +10+12: